Այսօր՝ հունիսի 15-ին, հայկական լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր տարածել, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի տեղակալ Միհրան Դավթյանը շարունակում է հին մեթոդներով աշխատել, սպառնալ, կաշառքներ պահանջել գործարարներից, շինարարություն իրականացնողներից, տարբեր տնտեսվարողներից։

Այդ հրապարակման մեջ նաև նշվել էր, որ Մ. Դավթյանը մինչև հեղափոխությունը հովանավորվում էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության պետ Վաչագան Ղազարյանի կողմից:

 

 

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Մ. Դավթյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում և համարվում է համակարգի այն անձանցից, ով լավ տիրապետում է տնտեսական հանցագործությունների բացահայտման մեխանիզմներին ու այն ոլորտներում, որտեղ 6-րդ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի աշխատակիցները, այդ թվում վերջին ամիսներին՝ ստուգումներ են իրականացրել, բացահայտել են բազմաթիվ տնտեսական հանցագործություններ, պետական բյուջե է վերադարձվել պետությունից հափշտակված խոշոր չափի գումարներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ գումարները կազմում են մոտ 200 մլն դրամ:

Գաղտնիք չէ, որ մեր որոշ վայ-գործարարներ, երբ զգում են, որ իրավապահները (Ոստիկանություն, ԱԱԾ, Քննչական կոմիտե, Դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն) տրորում են նրանց «մազոլը», փորձում են, ինչպես ժողովուրդն է ասում, գումարով «կուպիտ անել», սակայն քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ է դրել, որ նոր Հայաստանում ցանկացած կոռուպցիա հենց բնում խեղդվելու է, ապա զարմանալի է, որ լրատվամիջոցը նման տեղեկություններ է տարածում, մինչդեռ եթե այդպիսի տեղեկությունները հավաստի էին, ապա լրատվամիջոցը կարող է առանց երկմտանքի դիմել Հատուկ քննչական ծառայություն կամ ԱԱԾ: 

Իսկ որոշ վայ-գործարարներ, երբ տեսնում են, որ իրենց «կուպիտ անելը» չի անցնում, փորձում են վարկաբեկելու միջոցով շանտաժի ենթարկել իրավապահ համակարգին:

Ինչ վերաբերվում է նրան, որ մինչ հեղափոխությունը Մ. Դավթյանին հովանավորել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սագսյանի անվտանգության ծառայության պետ Վ. Ղազարյանը, ապա եթե այդ տեղեկությունը համապատասխաներ իրականությանը, Ս. Սարգսյանի նախագահության տարիներին Մ. Դավթյանը չէր ազատվի զբաղեցրած պաշտոնից ու տևական ժամանակ տանը «դիվան» չէր քշի:

SHAMSHYAN.com-ը հայտնում է նաև, որ նշված տեղեկության վերաբերյալ պարզաբանում է տվել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, գնդապետ Աշոտ Ահարոնյանը, որը ներկայացնում ենք ստորև.

«Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետի տեղակալը սպառնում ու կաշառք է պահանջում տնտեսվարողներից:

Տեղեկատվությունը անփաստարկ է և չի համապատասխանում իրականությանը, չի հիմնավորվում գեթ մեկ օրինակով:

Չնայած դրան, ինչպես ցանկացած հրապարակային ահազանգի պարագայում, ոստիկանությունն այս դեպքում էլ պատրաստ է կոնկրետ փաստերի առկայության դեպքում անմիջապես ստուգումներ կատարել։ 

Ուստի եթե լրատվամիջոցը տնօրինում է կոնկրետ փատերի, ապա ոստիկանությունը կաշկանդված չէ եւ դրանք ներկայացնելու դեպքում համապատասխան քննություն կիրականացվի ու իրավական գնահատական կտրվի։ 

Իսկ մինչ այդ լրատվամիջոցներին կրկին ու կրկին կոչ ենք անում՝ զերծ մնալ պետական պաշտոնյաներին անփաստարկ մեղադրանքներ վերագրելուց, հրապարակումներ պատրաստելիս և հանրային հնչեղություն ունեցող հայտարարություններ անելուց առաջ համագործակցել համապատասխան կառույցների հետ և ձեռնպահ մնալ ընթերցողին թեական հրապարակումներով թյուրիմացություն մեջ գցելու գործելակերպից»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: