Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, քննում է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը։

«Գրավի միջնորդության քննարկում էր, որը հետաձգվեց։ Միջնորդել ենք նյութերին ծանոթանալու և որոշ  դատավարական գործողություններ անելու համար»,- ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։

Նշենք, որ Ղազարյանը հունիսի 25-ին կալանավորվել էր, ապա նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել էր, և նա 1 մլրդ դրամ գրավով ազատ էր արձակվել: Սակայն դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը, որի արդյունքում կայացվել է Ղազարյանին կրկին կալանավորելու վերաբերյալ որոշում: 

Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ Ղազարյանին 27.06.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Նա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերից թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, նաեւ ապօրինի հարստացել է: