Աղբյուր Սերոբի 7 հասցեի շենքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում, քանի որ շենքի հարակից մասում, որտեղ նախկինում մանկապարտեզ էր գործում, հիմա նոր բազամահարկանի շենքի շինություն է իրականացվում, ինչին էլ բնակիչները դեմ են:  Բողոքի ակցիա իրականացնողներն իրենց հետ ունեն պաստառներ, որոնցում գրված են՝ «Մենք ենք տերը մեր թաղի», «Մի´ զավթեք մեր տարածքը», «Չի´ կառուցվելու»:

 

Նշենք, որ էլիտար շենքի կառուցապատողը Էդուարդ Սուքիասյանն է, որն ունի շինթույլտվություն: Շինության ավարտը պետք է լինի 2022 թվականը:

 Նորակառույց շինության դիմացի շենքի բնակիչները պնդում են, որ շինությունը կառուցելիս որոշ ծառեր պետք է հատվեն, ինչն էլ բնակիչների համար անթույլատրելի է:

Բնակիչների այդ պնդումը հաստատել է կառուցապատող Էդուարդ Սուքիասյանը և հավելել, որ այդ ծառերի փոխարեն պետք է եղևնիներ տնկվեն:

«Խնդիրը կայանում է նրանում, որ մեր շենքի դիմացը կառուցվում է բարձրահարկ շենք, իսկ մենք դրան դեմ ենք, որովհետև եթե այդ շենքն իրականություն դառնա մենք կզրկվենք մի շարք առավելություններից, օրինակ՝ կսահամանափակվի արևային լույսի մուտքը մեր բնակարաններ, և զարգացած երկրներում դա շինթույլտվության հիմնական պայմաններից մեկն է: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ մենք կզրկվենք մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունից, որը մեր սահմանադրությունում արձանագրված է, և կխախտվի ոչ միայն մեր շենքի բնակիչների իրավունքը, այլև նորակառույց շենքի ցածր հարկերում բնակվողներինը, որովհետև տարածությունը շատ քիչ է: Հաջորդ կարևոր հանգամանքը տեսադաշտի փակ լինելն է, էլ չեմ խոսում աղմուկի, փոշու մասին: Մեր ակնկալիքն է, որ Կառավարությունը, իր լծակները օգտագործելով, կասեցնի շինարարությունը: Թեև կառուցապատողը նշել ա, որ կա շինթույլտվություն, բայց քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ կա ապամոնտաժելու թույլտվություն, իսկ դրանք տարբեր բաներ են»,- նշեց շենքի բնակիչը:

Աղբյուր Սերոբի 7 հասցեի շենքի մեկ այլ բնակիչ էլ ասաց. «Էստեղ մի քանի խնդիր կա, առաջինը ուզում եմ հստակեցնել այն, որ մեր շենքի բնակչությունը ոչ թե դեմ է նոր էլիտար բազմահարկ շենքերի կառուցմանը, որը իրենից ենթադրում է նոր աշխատատեղեր, այլ դա հակասում է մի շարք հայեցակարգերի, օրինակ` բակ չունենք, էդ շենքի կառուցման արդյունքում էլ երեխաները խաղալու տեղ չեն ունենա: Երևանից դուրս կան բազմաթիվ տարածքներ, որոնք բնակեցված չեն, ու կարելի է բազմաբնակարան շենքերի կառուցումը տեղափոխել տենց տեղեր: Հետո մենք ունենք մանկապարտեզների խնդիր, հիմնականում դրանք վճարովի են, ունեն բարձր գներ, ու մեր շենքի մի շարք բնակիչներ չեն կարողանում իրանց երեխեքին մանկապարտեզ տանել»,- ասաց բնակիչը:

Բնակիչներից մեկը ցիտեց կառուցապոտողի խոսքը, որը ասել էր իրենց` «Ես Քոչի վախտով էլ եմ կառուցել, Սերժի վախտովել եմ կառուցել, Նիկոլի վախտով էլ եմ կառուցելու»:

Աղբյուր Սերոբի 7 հասցեի շենքի բնակիչները իրենց ներկայացած  Արաբկիր վարչական շրջանի  քաղաքաշինության բաժնի պատասխանատուին ցույց տվեցին փաստաթուղթ, որում նշված էր, որ շինությունը կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ կառուցապատողը կբանակցի բնակիչների հետ, սակայն, նրանց միջև որևէ բանակցություն չի եղել:

Բնակիչների այն հարցին, թե ինչու է եկել Արաբկիր վարչական շրջանի  քաղաքաշինության բաժնի պատասխանատուն, ասաց. «Քանի որ վարչական շրջանի ղեկավարը գիտեր, որ հավաքվելու եք և հարցեր եք ունենալու, հարկ համարեցի, որ ես գամ»:

Շինթույլտվության բաժնի պատասխանատուն ընդունեց, որ  թույլ են տվել որոշ սխալներ, օրինակ՝ շենքի բարձրության հետ կապված, մեքենաների կայանատեղիի հետ կապված, և բնակիչների նկատած նմանատիպ խնդիրների գրավոր ներկայացման դեպքում, այդ հարցերը ևս մեկ անգամ կքննարկվեն:

Իսկ վերջում բնակիչներից մեկը հարցրեց` արդյոք սեփականատերը ունի իրավունք իր տարածքում գտնվող կենսունակ ծառը կտրելու, քաղաքաշինության բաժնի պատասխանատուն պատասխանեց. «Այո, ունի իրավունք»: