Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռոբերտ Պոպոյանի որոշմամբ, դեկտեմբերի 13–ին որոշում է կայացրել ևս երկու ամսով երկարաձգել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի (Սերժի Վաչո) կալանքի ժամկետը։ Հիշեցնենք, որ նա մեղադրվում է եկամուտները թաքցնելու և ապօրինի հարստանալու մեջ։ Նախօրեին էլ Ղազարյանը հայտարարություն էր տարածել, նշելով, որ իր հետ կապ չունեցող ընկերություններում իրականացվում են հարկային ստուգումներ, որոնց արդյունքները փորձ է արվում կապել իր անվան հետ:
 
Փաստացի չընդունելով իր մեղքը և նշելով, որ իր դրամական միջոցները կուտակվել են միանգամայն օրինական ճանապարահով, Ղազարյանը, այնուամենայնիվ, իր և արտեկրում բնակվող իր գործարար ընկերոջ անունից պատրաստակամություն է հայտնել պետությանը վերադարձնել շուրջ 6 միլիոն ԱՄՆ դոլար՝ ՀՀ և ԱՀ անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կամ պետական այլ կարիքների համար: Տրամաբանական հարց է առաջանում՝ եթե Ղազարյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, ապա ինչո՞ւ է նման առատաձեռնություն դրսևորում՝ իր բարի համբավը դատական գործընթացի միջոցով վերականգնելու փոխարեն: Մյուս կարևոր հարցն այն է, թե ով է Ղազարյանի գործարար ընկերը և ինչ ունի նա թաքցնելու պետությունից, որ նմանատիպ առատաձեռնություն է դրսևորում:
 
Վաչագան Ղազարյանին կալանքի տակ թողնելը, սակայն, նույնպես տրամաբանական է: Մի կողմից՝ այսպիսով իշխանությունները ցույց են տալիս, որ սկզբունքային են և չեն պատրաստվում առաջին իսկ առաջարկության դեպքում գնալ գործարքի: Հասարակության մոտ էլ իր հերթին չի ստեղծվի տպավորություն, որ պետությունը թալանածներն այդքան հեշտորեն կարող են խուսափել պատասխանատվությունից: Մյուս կողմից, երկու ամիս անց Ղազարյանի ազատման լուրն այլևս այդքան ռեզոնանսային չի լինի, բացի այդ՝ իրավապահ մարմիններին ժամանակ է պետք գործը մաքրելու համար: Կալանքի ժամանակահատվածը երկարաձգելը նշանակում է նաև, որ Ղազարյանի առաջարկած 6 միլիոնը նրա թալանածի ընդամենը 0,0001 տոկոսն է, և պետությունն ակնկալում է ավելի մեծ գումարի նվիրաբերություն:
 
Մի բան միանշանակ է. երկրում գործում է ապօրինի հարստացման մասին օրենքը, և այդ օրենքի շրջանակներում պետք է դատարանի առաջ կանգնեն բոլոր այն նախկին, ինչու ոչ՝ նաև ներկա պաշտոնյաները, որոնք կփորձեն հարստանալ պետության և քաղաքացու հաշվին: Իրականում, գումարի վերադարձը շատ ավելի արդյունավետ մեխանիզմ է, քան վերջիններիս բանտերում փակելը: Դա կարող է դիտվել միայն բարոյական հաղթանակ, մինչդեռ տնտեսության զարգացման համար փող է պետք, այն էլ ՝ շատ փող…
 
 
Ս.Խաչատրյան