Ադրբեջանական եւ թուրքական մամուլը հաճախ է անդրադարձել Բաքուն Կարսի հետ միացնելու համար Կարսից Ախալքալաք երկաթուղի կառուցելու քաղաքական նախագծի իրագործումը բազմիցս հետաձգելու հարցին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, խոստովանելով, որ նախագիծն իսկապես քաղաքական է, Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությ ան Կարսի բաժանմունքի ղեկավար Յավեր Օզջանը երկաթուղու թուրքական հատվածի կառուցման տարիներ շարունակ ուշանալու պատճառների մասին ցնցող փաստեր է բացահայտել:
Նա ասել է, որ 2008 թվականին սկսված նախագիծը, որի իրագործումը բազմաթիվ անգամ հետաձգվելուց հետո ծրագրված է ավարտել 2015 թվականին, ուշացվում է «քաղաքական օգուտներ քաղելու հետաքրքրություններից ելնելով»:
Նրա խոսքով' երկաթգծի' թուրքական 79 կմ երկարությամբ հատվածի շինարարությունն արդեն 6 տարի կասկածելի կերպով ուշացվում է: Ուշացումն, ըստ նրա, կապված է Վրաստանի հետ Ախալցխայի մոտ սահմանում թուրքական Փոսոֆ բնակավայրին հարող հատվածում կառուցվելիք թունելների եւ կամուրջների հետ:
«Այստեղ երկաթուղու շինարարության հետ բոլորովին կապ չունեցող վայրերում թունելներ են սկսում փորել, հետո էլ հայտարարում են, որ այդ վայրը պիտանի չէ, ու սկսում մի այլ տեղում փորել: Կապալառու ընկերությունները տարբեր ճանապարհներով իրար հատվածներ են փոխանցում:
Դրա պատճառն այն է, որ Կարսում անցկացված' տեղական իննակառավարման մարմինների եւ խորհրդարանի պատգամավորների վերջին ընտրություններում երկաթուղու թուրքական հատվածի շինարարությունը կյանքի կոչող կապալառու ընկերությունը ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, եւ այժմ աշխատում է նման մեքենայություններով վերադարձնել իր ծախսերը:
Երակթուղին վերածվել է փող լվալու մեխանիզմի: Այս նախագծի փոխարեն փողերն այլ տեղեր են հոսում: Հարցականի տակ է հայտնվել նաեւ Կարսում նախագծի մաս կազմող լոգիստիկ կենտրոնի շինարարության հարցը», -նշել է քաղաքական գործիչը:
Թուրքական մամուլն ավելի վաղ եւս հայտնել էր Կարս-Ախալքալաք երկաթուղու թուրքական հատվածի շինարարության կասկածելի ուշացման, կապալառու ընկերությունները հաճախակի փոխարինման եւ նախատեսված 200 մլն դոլարից մինչ այժմ 30 մլն դոլար ավելի ծախսվելու հետ կապված' շինարարությունը դեռեւս կիսատ մնալու մասին:
Կարսի նահանգապետն օրերս մի խումբ լրագրողների հետ երկաթուղու հատված կատարած այցից հետո փաստել էր, որ այնտեղ ընդամենը մեկ էքսկավատոր եւ 4 բեռնատար է տեսել, ինչը շատ քիչ է աշխատանքները ծրագրված ժամկետում ավարտելու համար:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի շինարարության մեկնարկը տրվել էր 2008 թ-ին: Նախագծի նախնական արժեքը կազմել էր 422 մլն դոլար, որի 202 մլն մասը ծրագրվում է ծախսել վրացական, իսկ 220 մլն մասը' թուրքական հատվածի շինարարության վրա: 30 կմ երկարությամբ վրացական հատվածի նախագծման, շինարարության եւ այլ աշխատանքների համար Ադրբեջանի կողմից հատկացված գումարը հետագայում մեծացվել է մինչեւ 775 մլն դոլար:
2007 թ-ին Ադրբեջանը Վրաստանին եւս 200 մլն դոլարի արտոնյալ վարկ (տարեկան 1 տոկոս) է հատկացրել երկաթուղու շինարարության համար: Սակայն, այդ միջոցները չ են բավարարել, եւ արդեն 2011 թ-ին երկաթուղու շինարարության համար Ադրբեջանը Վրաստանին եւս 575 մլն դոլար (տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով) վարկ է հատկացրել: Այսպիսով, Կարս-Ախալքալաք երկաթուղային ճանապարհի վրա Ադրբեջանը մինչ այժմ արդեն 1,2 մլրդ դոլարից ավելի գումար է ծախսել: