Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը երեկ պաշտոնապես հաստատել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի շինարարության մեջ ծագած խնդիրների պատճառով ուշացման մասին մամուլում տարածված լուրերը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Շարիֆովն ասել է. «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի թուրքական հատված շինարարության հետ խնդիրներ են ծագել: Այնտեղ աշխատող ընկերությունները փաստորեն դադարեցրել են շինարարությունը, բացառությամբ թունելների»: Ադրբեջանի փոխվարչապետը չի հայտնել թուրքական հատվածում շինարարական աշխատանքների դադարեցման պատճառները եւ Ադրբեջանի համար քաղաքական իմաստով «խիստ կարեւոր» այդ երկաթուղու շահագործ ման հանձնելու կոնկրետ ժամկետները:

 

Ադրբեջանի պատկան մարմինները, այդ թվում' «Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Նադիր Ազմամեդովը եւ TRACECA-ի ազգային քարտուղար Աքիֆ Մուստաֆաեւը մինչ այժմ ադրբեջանական հանրությանը համառորեն «վստահեցնում» էին նախագծի' սահմանված ժամկետներում շահագործման հանձնվելու մասին: Նշվում էր անգամ, որ արդեն 2016 թվականին կազմակերպվելու է Stadler ընկերության արտադրության գնացքներով ուղեւորային փոխադրումներ Բաքվից Կարս:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ եթե անցած բոլոր տարիների ընթացքում Թուրքիան չի կարողացել ավարտին հասցնել իր հատվածի շինարարությունը, որն ամենաերկարն է Վրաստանում եւ Ադրբեջանում երկաթուղու հատվածներից, ապա հազիվ թե կարողանա դա անել մնացած մի քանի ամիսների ընթացքում, որոնց մեծ մասն ընկնում է ձմեռային ժամանակաշրջանի վրա, երբ շինարարական աշխատանքներն այնտեղ դժվար են:

 

Այսպիսով, Ադրբեջանի փոխվարչապետը պաշտոնապես հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը գրաֆիկի մեջ չի տեղավորվելու, որն, ըստ նախագծի, պետք է շահագործման հանձնվել դեռեւս 2010 թվականի վերջին:

 

BBC Azeri-ին դեռեւս օգոստոսին հայտնել էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը կորցնում է նշանակությունը:

 

Վերլուծաբանների կարծիքով' արդեն միլիարդ դոլարից ավելի ծախսված ԲԹԿ-ի նախագիծը կարող է չդիմանալ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները վերացվելուց հետո տարածաշրջանում առաջիկայում նախատեսվող այլ նախագծերի հետ մրցակցությանը:

 

Ադրբեջանցի տնտեսական վերլուծաբան Նաթիգ Ջաֆարլիի կարծիքով, եթե Իրանից եւ Ռուսաստանից, ինչպես նաեւ Ասիայից դեպի Արեւմուտք անցկացվելիք նախագծերը կյանքի կոչվեն, ապա ԲԹԿ-ի, ենթադրվող' առանց այն էլ ոչ մեծ շահութաբերությունը «զգալիորեն կնվազի»:

 

«Ռուսաստանը պատրաստվում է դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում Չեխիա եւ Սլովակիա անցկացված երկաթգծերն արդիականացնել եւ միացնել դեպի Չինաստան ու Հնդկաստան գնացող իր երկաթգծերին: Դեպի Եվրոպա Թուրքիայի վրայով ելքի երթուղի է պատրաստվում նաեւ Իրանից: Ապագայում այդ երթուղուն կարող են միանալ նաեւ Պակիստանն ու Աֆղանստանը: Այդ պատճառով էլ այլընտրանքային երկաթուղագծերը խիստ գրավիչ են», - նշել է Ջաֆարլին:

 

Վերլուծաբանը գտնում է, որ ԲԹԿ-ի գլխավոր խնդիրը Միջին Ասիայից եւ Հեռավոր Արեւելքից եկող բեռնատար վագոնները Կասպից ծովի վրայով լաստանավերով անցկացնելն է: «Դա եւ թանկ, եւ ժամանակատար գործընթաց է, ինչը խիստ նվազեցնելու է Ադրբեջանի կողմից ապագայում նախատեսված եկամուտները», -ընդգծել է նա:

 

Նաթիգ Ջաֆարլիիի կարծիքով' եթե անգամ ԲԹԿ-ն շահագործման հանձնվի, ապա նախագիծն ամենաշատը տարեկան 45-50 մլն մանաթ եկամուտ կարող է բերել Ադրբեջանի բյուջեին, ինչը բոլորովին էլ մեծ թիվ չէ:

 

ԲԹԿ-ի նախագիծը 2007 թվականի փետրվարի 7-ին Թբիլիսիում ստորագրել են Ադրբեւանի նախագահ Իլհամ Ալիեւը, Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սաակաշվիլին եւ Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներում բազմիցս նյութեր են հայտնվել, որտեղ երկաթգծի շինարարության ձգձգման պատասխանատվությունը բարդում են թուրքական եւ վրացական կողմերի վրա: Ավելի վաղ, 2013 թվականին, մասնագետները վստահեցնում էին, որ երկաթուղու շահագործման հանձնելու ժամկետների պարբերաբար ձգձգումն ավելի շատ քաղաքական, քան թե տեխնիկական դրդապատճառներ ունի:

 

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի շինարարության մեկնարկը տրվել էր 2008 թ-ին: Նախագծի նախնական արժեքը կազմել էր 422 մլն դոլար, որի 202 մլն մասը ծրագրվում է ծախսել վրացական, իսկ 220 մլն մասը' թուրքական հատվածի շինարարության վրա: 30 կմ երկարությամբ վրացական հատվածի նախագծման, շինարարության եւ այլ աշխատանքների համար Ադրբեջանի կողմից հատկացված գումարը հետագայում մեծացվել է մինչեւ 775 մլն դոլար: 2007 թ-ին Ադրբեջանը Վրաստանին եւս 200 մլն դոլարի արտոնյալ վարկ (տարեկան 1 տոկոս) է հատկացրել երկաթուղու շինարարության համար: Սակայն, այդ միջոցները բավա րար չեն հանդիսացել, եւ արդեն 2011 թ-ին երկաթուղու շինարարության համար Ադրբեջանը Վրաստանին եւս 575 մլն դոլար (տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով) վարկ է հատկացրել: Այսպիսով, Կարս-Ախալքալաք երկաթուղային ճանապարհի վրա Ադրբեջանը մինչ այժմ արդեն 1,2 մլրդ դոլարից ավելի գումար է ծախսել: Թուրքական կողմի հավաստմամբ' երկաթգծի թուրքական հատվածի ավարտին հասցնելու համար կպահանջվի ծախսել մոտ 500 մլն դոլար: Ներկա դրությամբ ավարտին հասցված չէ նաեւ Ախալքալաք-Կարս 30 կմ երկաթուղային ճանապարհի վրացական հատվածը: