Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհը, կարծես, չի բացվելու այս տարի եւս: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել է, որ երկաթուղու նախագիծը շահագործման կհանձնվի 2017 թվականի առաջին եռամսյակում: Ընդամենը երկու ամիս առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկաթուղին կբացվի ընթացիկ տարվա վերջին:

 

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

 

Նախագծի հիմքը դրվելուց հետո' 2007 թվականից, ամեն տարվա սկզբին ասվում էր, որ այն շահագործման կհանձնվի տարվա վերջին, տարվա ավարտին էլ ասվում էր, որ այն կգործի հաջորդ տարվա սկզբին:

 

ԲԹԿ-ի կառուցման մասին նախագծի վերաբերյալ բանակցությունները սկսվել են 1993 թվականի հուլիսին Անկարայում Թուրքիա-Վրաստան խառը տրանսպորտային հանձնաժողովի նիստում: Նախագծի իրականացման մասին արձանագրությունը ստորագրվել է 2002 թվականին Ստամբուլում Թուրքիայի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարների նիստում:

 

Երկաթուղու նախագիծը ստորագրվել է 2007 թվականի փետրվարի 7-ին Թբիլիսիում Ադրբեջանի և Վրաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի ու Միխայիլ Սաակաշվիլու եւ այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի կողմից, նույն տարվա նոյեմբերի 21-ին էլ կատարվել է նախագծի հիմնարկեքը:

 

Նախագծի ֆինանսավորման բեռն ընկել է Ադրբեջանի վրա: 153 կմ երկարությամբ առկա Ախալքալաք-Մարաբդա երկաթուղագծի վերկառուցման ֆինանսավորման համար Ադրբեջանը 775 մլն ԱՄՆ դոլար հատկացնելու պատասխանատվություն է ստանձնել:

 

Ադրբեջանի նավթի հիմնադրամի տեղեկությունների համաձայն' 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ նախագծի իրականացման համար ադրբեջանական կողմն արդեն 619,8 մլն դոլար է հատկացրել, այդ թվում այս տարվա 9 ամիսներին' 31,5 մլն դոլար:

 

Ադրբեջանի կառավարությունը խիստ շահագրգռված է այդ նախագծով, քանի որ այն շրջանցում է Հայաստանին, իսկ արեւմտյան շրջանակներն էլ չեն աջակցել ԲԹԿ-ին:

 

Ադրբեջանի պետական երկաթուղային ճանապարհների տեղեկությունների համաձայն' նախնական գնահատականներով ճանապարհի շինարարության համար անհրաժշետ էր եղել 250 մլն ԱՄն դոլար: Դրա 200 մլն մասը պետք է ընկներ ճանապարհի Թուրքիայի տարածքում գտնվող հատվածի, 50 մլն մասը' Վրաստանի տարածքով անցնող հատվածի կառուցմանը:

 

Սակայն կարճ ժամանակ անց հայտարարվել էր, որ նախագծի իրականացման վրա անհրաժեշտ նախատեսել 400 մլն դոլար: Այդուհանդերձ, Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի տեղեկությունը ցույց է տալիս, որ պաշտոնապես նախագծի վրա արդեն մեկ միլիարդ դոլարից ավելի միջոց է ծախսվել, քանի որ թուրքական կողմն էլ իր հերթին հայտնել է 400 մլն դոլարից ավելի ծախսվելու մասին:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' նախագծի իրականացման համար խոշոր գումարներ են հատկացրել նաեւ ադրբեջանական մասնավոր ընկերությունները:

 

Այսպիսով' միանգամայն քաղաքական իմաստ ունեցող ԲԹԿ-ի շինարարության վրա 10 տարուց ավելի ժամանակ եւ պաշտոնապես 1 մլրդ դոլարից ավելի գումար է ծախսվել, իսկ երկաթուղու շինարարությունը դեռեւս ավարտված չէ, եւ կասկածելի է, որ տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանն ու քաղաքական ու տնտեսական կոլապսի մեջ գտնվող Թուրքիան կկարողանան ավարտին հասցնել այն եկող տարի եւս: