Կարս-Գյումրի երկաթուղագծի առկայության պայմաններում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը խորացնելու նպատակով ձեռնարկված Թբիլիսի-Կարս քաղաքական իմաստ կրող երկաթուղային ճանապարհի թուրքական հատվածի շինարարությունն արդեն որերորդ անգամ դադարեցվել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

 

Նշվում է, որ երկաթուղային ճանապարհի շինարարության ընթացքին հետեւելու համար մեծ թվով ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ երկաթուղու թուրքական հատված է այցելել Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը: Վերջինս լրագրողների հետ տեղում հաստատել է, որ երկաթուղագծի թուրքական հատվածի շինարարությունը փաստացիորեն դադարեցված է:

 

Չնայած այն բանին, որ կապալառու ընկերությունը ժամանակ առաջ հայտարարել էր, որ շինարարությունը դադարեցված չէ, սակայն, նահանգապետի գլխավորությամբ այցելուները շինհրապարակում ընդամենը մեկ էքսկավատոր եւ 4 բեռնատար են տեսել: Իսկ դա հաստատում է, որ մեծ ծավալի հողային աշխատանքներ պահանջող նախագծի շուրջ աշխատանքներ չեն ընթանում:

 

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի 79 կմ երկարությամբ հատվածի շինարարությունը դրված է Թուրքիայի վրա, որն արդեն 6 տարի է' չի կարողանում ավարտին հասցնել այն: Երկաթուղու թուրքական հատվածի շինարարության վրա մինչ այժմ 1 մլրդ թուրքական լիրա (մոտ 500 մլն դոլար) է ծախսվել, երեք անգամ փոխվել է կառույցի կապալառու ընկերությունը, սակայն, միանգամայն ակնհայտ է, որ այն մինչեւ այս տարվա վերջ, ինչպես ծրագրված է, անհնար է ավարտին հասցնել:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Բաքու-Թբիլիս-Կարս երկաթուղային ճանապարհի շինարարությունը ավարտին կհասցվի եւ առաջին փորձնական գնացքը գիծ բաց կթողնվի այս տարվա վերջին:

 

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի շինարարության մեկնարկը տրվել էր 2008 թ-ին: Նախագծի նախնական արժեքը կազմել էր 422 մլն դոլար, որի 202 մլն մասը ծրագրվում էր ծախսել վրացական, իսկ 220 մլն մասը' թուրքական հատվածի շինարարության վրա: 30 կմ երկարությամբ վրացական հատվածի նախագծման, շինարարության եւ այլ աշխատանքների համար Ադրբեջանի կողմից հատկացված գումարը հետագայում մեծացվել է մինչեւ 775 մլն դոլար: 2007 թ. Ադրբեջանը Վրաստանին եւս 200 մլն դոլարի արտոնյալ վարկ (տարեկան 1 տոկոս) է հատկացրել երկաթուղու շինարարության համար: Սակայն, այդ միջոցները բավար ար չեն եղել, եւ արդեն 2011 թ. երկաթուղու շինարարության համար Ադրբեջանը Վրաստանին եւս 575 մլն դոլար (տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով) վարկ է հատկացրել: Այսպիսով, Կարս-Ախալքալաք երկաթուղային ճանապարհի վրա Ադրբեջանը մինչ այժմ արդեն 1,2 մլրդ դոլարից ավելի գումար է ծախսել: Ներկա դրությամբ կառուցվել է Ախալքալաք-Կարս 30 կմ երկաթուղային ճանապարհի վրացական հատվածի ընդամենը 6,5 կմ մասը: