Թուրքիան դադարեցրել է Թբիլիսի-Կարս երկաթուղային ճամապարհի' իր տարածքով անցնող հատվածի շինարարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, պատճառն այն է, որ շինարարությունն իրագործող «Օզգյուն Չելիքլեր յափը» կապալառու ընկերությունը չի կարողացել կատարել երկաթուղու թուրքական հատվածի համար նախատեսված ֆինանսական միջոցներով ծրագրված աշխատանքների ծավալը:

 

 

Նշվում է, որ ընկերությունը խոստացել էր այդ աշխատանքները կատարել մոտ 110 մլն եվրոյով, սակայն, աշխատանքները կիսատ է թողել: Ավելին' նախագծի իրագործման ընթացքում հավելյալ չնախատեսված ծախսեր են պահանջվել, ինչի պատճառով դրա ընդհանուր ծախսն արդեն անցել է 165 մլն եվրոն, սակայն, նախագիծն այդպես էլ ավարտին չի հասցվել:

 

 

2012 թվականին նախագծի շարունակությունը հանձնարարվել է իրագործել երկու տարբեր թուրքական ընկերությունների, որոնք դրա համար պահանջել են նախատեսված արժեքից 12 անգամ ավելի ֆինանսական միջոցներ: Թուրքիայի կառավարությունը չեղյալ է հայտարարել նաեւ այդ ընկերությունների հետ ստորագրված պայմանագրերը:

 

 

Թուրքական մամուլը գրում է, որ մինչ այժմ մոտ 204 մլն եվրո ծախս պահանջած նախագծի ընդամենը 39 տոկոսն է կատարվել: 2013 թվականին թուրքական կառավարությունը երկաթուղու շինարարությունը հանձնարարել էր այլ ընկերության, սակայն, հետագայում չեղյալ էր համարվել այդ համաձայնությունը եւս:

 

 

Թուրքիայի տրանսպորտի նախարարության հաշվարկներով' երկաթուղու շինարարությունն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է եւս մոտ 200 մլն եվրո: Ընդհանուր հաշվարկներով' այդ նախագիծն ավարտելու համար Թուրքիան, նախնական հաշվարկներով նախատեսված 110 մլն եվրոյի դիմաց, պետք է ծախսի մոտ 600 մլն եվրո (1,5 մլրդ թուրքական լիրա), այսինքն' մոտ երեք անգամ ավելի գումար:

 

 

Նախագծի նախնական հաշվարկի համեմատ, ներկայում շինարարության վրա չափից ավելի ֆինանսական միջոցների այդ ուռճացումը լրջորեն անհանգստացրել է թուրքական կառավարությանը: Այդ պատճառով Թուրքիայի տրանսպորտի նախարարության տեսչական պատվիրակությունը հետազոտություններ է սկսել խնդրի շուրջ:

 

 

Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի թուրքական հատվածի երկարությունը կազմում է 76 կմ: Ներկայում այդ հատվածի շինարարությունը դադարեցված է:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Բաքու-Թբիլիս-Կարս երկաթուղային ճանապարհի շինարարությունն ավարտին կհասցվի եւ առաջին փորձնական գնացքը գիծ բաց կթողնվի այս տարվա վերջին:

 

 

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի շինարարության մեկնարկը տրվել էր 2008 թ-ին: 2009 թ-ի դեկտեմբերին երկաթուղու շինարարությունն ընդհատվել էր եւ վերականգնվել 2010 թ-ի մայիսին: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը ներառում է 106 կմ երկարությամբ Կարս-Ախալքալաք երկաթուղային ճանապարհի կառուցումը, որի 76 կմ մասը գտնվում է Թուրքիայի, 30 կմ մասը' Վրաստանի տարածքում:

 

Նախագծի նախնական արժեքը կազմել էր 422 մլն դոլար, որի 202 մլն մասը ծրագրվում է ծախսել վրացական, իսկ 220 մլն մասը' թուրքական հատվածի շինարարության վրա: Երթուղու փոփոխությունից եւ լ րացուցիչ միջոցներ հատկացվելուց հետո Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի ընդհանուր արժեքը հասել էր 600 մլն դոլարի:

 

Վրացական հատվածի նախագծման, շինարարության եւ այլ աշխատանքների համար Ադրբեջանի կողմից հատկացված գումարը հետագայում մեծացվել է մինչեւ 775 մլն դոլար: 2007 թ-ին Ադրբեջանը Վրաստանին եւս 200 մլն դոլարի արտոնյալ վարկ (տարեկան 1 տոկոս) է հատկացրել երկաթուղու շինարարության համար:

 

Սակայն, այդ միջոցները բավարար չեն եղել, եւ արդեն 2011 թ-ին երկաթուղու շինարարության համար Ադրբեջանը Վրաստանին եւս 575 մլն դոլար (տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով) վարկ է հատկացրել:

 

Այսպիսով, Կարս-Ախալքալաք երկաթուղային ճանապարհի վրա Ադրբեջանը մինչ այժմ արդեն 1,2 մլրդ դոլարից ավելի գումար է ծախսել: Ներկա դրությամբ' կառուցվել է Ախալքալաք-Կարս երկաթուղային ճանապարհի ընդամենը 6,5 կմ հատվածը: