Հուլիսի 2-ին «Օլիմպավան»-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պարզաբանումներ տալու նպատակով հրավիրվել է ՀՔԾ Մաշտոցի բաժին: Հրաչյա Ռոստոմյանը հայտնել է, որ նշված օրը ինքը մասնակցել է Օլիմպիական կոմիտեի կողմից հրավիրված նիստին. նիստը ավարտվելուն պես հեռացել է «Օլիմպավան»-ից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի մամուլի քարտուղար Սաթենիկ Ասլիկյանը:
Նշենք, որ նախօրեին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում տեղի ունեցած միջադեպին ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։
Նշենք նաև՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանը:
2018 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «աջակողմյան եզրային պնեւմոթորաքս /կրծքավանդակի խոռոչում օդի առկայություն/, 9-րդ կողոսկրի կոտրվածք աջից, ենթամաշկային էմֆիզեմա հետին մակերեսի կրծքավանդակի աջ կեսով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երեւան քաղաքի մի բնակիչ՝ ծնված 1968թ:
Նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երեւան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, քննչական բաժնի պետի կողմից նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
50-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել։ Վերջինիս ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Էդուարդ Բաբայանը, ով վարույթն իրականացնող մարմնին ներկայացել է որպես Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կասկածյալի բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալները ստուգելու ուղղությամբ։