Այս օրերին երևանցիները տառապում են ոչ միայն շոգից, այլև տապն անգամ մեկ բաժակ ջրով հագեցնել չկարողանալուց, ինչի պատճառը մասսայական ջրանջատումներն են, իսկ դրա պատասխանատուն՝ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը։
Այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն տվեց պարզաբանումներ։
«Ուրբաթ օրվանից աննախադեպ շոգեր սկսվեցին։ Չենք կարող վերասկողություն սահմանել շոգի դեմ, գերսպառումը տապի հետ է կապված, պոմպոկայանում մենք ունեցել ենք վթար և զազանազան տարբեր ավելի փոքր վթարներ, որոնք տեղի են ունեցել մայր ջրատարի վրա։ Ուրբաթ օրվանից աշխատել ենք, որպեսզի կարողանանք լիովին վերահսկել իրավիճակը։ Միակ ուղերձն այն է, որպեսզի բաժանորդները խնայեն ջուրը և չմսխեն, այսօր կա արդեն գերսպառումը և վատնումն անթույլատրելի է»,-ասաց Կրիստիան Լըֆեն։
Իսկ «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը բացատրեց, թե այս օրերին ինչու չեն պատասխանել բնակիչների զանգերին։
«Չի եղել դեպք, որ անհանզագի չպատասխանենք։ Իսկ շաբաթ-կիրակի օրերին եղած դեպքերին մենք էլ չէինք տիրապետում, չէինք հասկանում՝ ինչ էր կատարվում․ այդ իսկ պատճառով մեր օպերատորները լիարժեք իրազեկված չէին»,-ասաց Գրիգորյանը։
Գոռ Գրիգորյանի խոսքերով՝ մինչև շաբաթվա վերջ ամեն ինչ անելու են, որ իրավիճակը շտկվի։
Լիլիթ Հակոբյան