Շուրջ երկու շաբաթ է՝ Ամուլսարի հարակից բնակավայրերի բնակիչները փակել են Ամուլսարի հանք տանող ճանապարհները և շուրջօրյա հսկողությամբ թույլ չեն տալիս, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը մուտք գործի տարածք։ «Ամուլսարն առանց հանքի», «Մենք Ամուլսարի հետ ենք» պաստառներով այսօր «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամները և մի խումբ մտահոգ քաղաքացիներ քայլերթ են իրականցնում մայրաքաղաքում՝ ի աջակցություն Ամուլսարում բողոքի ցույց իրականացնողների։
«Մենք աջակցում ենք կառավարությանը, աջակցում ենք ստուգումներ իրականցնող տեսչական մարմիններին։ Համոզված ենք, որ ստուգումների արդյունքում կհայտնաբերվեն այնպիսի հանգամանքներ, որ գոնե ժամանակավորապես կդադարեցվի «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատանքները»,-ասաց նախաձեռնության անդամներից մեկը։Քայլերթ իրականացնողները նշում են, որ մասնագետները փաստել են՝ եթե հանքը սկսեց շահագործվել՝ դժվար կլինի նրանց կասեցնել, և հետևանքները կլինեն աղետալի։