ՀՀ կառավարության նիստը տեղի է ունենում ամեն հինգշաբթի, այս անգամ օրը համընկնում էր Սահմանդրության օրվա հետ, ուստի նիստը տեղի ունեցավ մեկ օր շուտ՝ հուլիսի 4-ին։ Գյուղացիները սա չիմանալով,  այսօր կառավարության անդամներից որևէ մեկին տեսնելու ակնկալիքով, հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ բողոքում էին։ Ասում են՝ չեն կարողանում իրացնել իրենց արտադրած միսը։

Երկրում հաստատված նոր իրականության պայմաններում սուպերմարկետներն այլևս չեն կարողանում գյուղմթերքի վաճառք իրակացանել կեղծ անհատ ձեռներեցների անվան տակ։ Նրանք Էժան միս են ներկրում դրսից։ Արդյունքում՝ գյուղացիները չգիտեն ինչ անել իրենց մսամթերքի հետ։

 

«Մեր անասունները չաղացել են, եկել ա մորթելու ժամանակը, ու սուպերմարկետները մեզանից չեն ընդունում։ Սուպերմարկետների  հարկը բարձրացել ա՝ չեն կարում մեր միսը ընդունեն, եթե վերցնեն էդ հարկով, պետք ա թանկացնեն մսի գինը, ստիպված՝ դրսի մսերն են ծախում ու մեր տեղական ապրանքը մնում ա»,-պատմում էր գյուղացիներից մեկը։

Ֆերմերները պատմում են նաև, որ հիմա առանց այն էլ ավելի էժան են վաճառում միսը՝ կիլոգրամը 2500 դրամով, իսկ նախկինում 2800 էր։ Այդ 300 դրամը՝ մի անասունի կտրվածքով, գյուղացուն մոտ 70 հազար դրամի վնաս է հասցնում։

Նրանք բողոքում են, թե իրենք ո′չ պագամավոր են, ո′չ նախարար՝ սովորական գյուցացիներ են, ովքեր ուզում են իրենց ապրանքը իրացնել։

«Հիմի գոմերում ահավոր շոգ ա, անասունը մեջը մաշում ա, հետ ա էթում։ Հիմա ի՞նչ անենք, սիթիները մեր միսը չեն ընդունում»,- վրդովված  պատմում էր արմավիրցի ֆերմերը։