ԲՀԿ անդամ Սերգեյ Բագրատյանը Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին ճանաչում է որպես զուսպ և չխոսկան անձնավորություն: Այս մասին հուլիսի 6-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

«Ընդհանրապես, եթե նկատել եք, մարզիկների մոտ այդ զսպվածությունը կա, և դա պայմանավորված է իրենց մասնագիտական հատկանիշներով»,-նշեց Բագրատյանը:

Անդրադառնալով Էդուարդ Բաբայանի կալանավորմանը և Վյաչեսլավ Հարությունյանին դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու մեղադրանքին, Բագրատյանն ասաց, որ այս պահին որևէ մեկնաբանություն անելու կարիք չկա:

«Ավելի լավ է' հարցը թողնենք իրավական հարթության մեջ, երբ կտեսնենք, որ ինչ-որ շեղումներ կան քննությունից, այդ ժամանակ կարող ենք արձագանքել: Հանրային ընկալման մեջ այս պահին իրավական համակարգը համարվում է իդեալական ու վստահության արժանի, և պետք է սպասել դեպքերի ընթացքին»,- ասաց Սերգեյ Բագրատյանը:

ԲՀԿ մեկ այլ ներկայացուցիչ՝ Նաիրա Զոհրաբյանը խուսափեց դեպքի առթիվ մեկնաբանություն տալուց և հորդորեց հիմք ընդունել Վյաչեսլավ Հարությունովի խոսքը:

«Տուժողոը հստակ ներկայացրել է' որևէ հարված չի եղել Էդուարդ Բաբայանի ու այլ անձի կողմից: Գործը գտնվում է իրավական համակարգի տիրույթում, և այս հարցի վերաբերյալ մենք այժմ մեկնաբանություն չենք անելու»,- նշեց Զոհրաբյանը:

ԲՀԿ ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանի խոսքով' հարցը չեն քննարկել նաև Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն օրենքի առաջ բոլորը հավասար են, և ցանկացած քաղաքացի ու քաղաքական գործիչ պետք է պատժվի, եթե խախտում է օրենքը:

Հուլիսի 5-ին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ է հասցրել և դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցրել Վյաչեսլավ Հարությունովին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: