«Մեր քաղաքացիներին կոչ եմ անում ակտիվ անցկացնել իրենց հանգիստը Սևանա լճի լողափերում, քանի որ ջուրն այնտեղ մաքուր է և ոչ մի սպառնալիք չի ներկայացնում»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Իր խոսքում Բագրատյանը նշեց, որ դժվարություններ կան միայն Վարդենիս և Մարտունի քաղաքների շրջակայքում, որտեղ գետերում մաքրիչ աշխատանքների հետ կապված խնդիր կա, որն առաջացել է նախորդ իշխանությունների սխալ գործողությունների հետևանքով:
«Իրավիճակի վրա ազդել է նաև ջերամաստիճանային ֆոնի բարձրացումը: Որպեսզի խուսափենք խնդրի՝ լոկալից գլոբալի անցումից, հարկավոր է միջոցներ ձեռնարկել, այդ թվում նաև իրավական: Նախևառաջ հարկավոր է ներգրավել նաև միջազգային գործընկերներին և բազմակողմանի լաբորատոր հետազոտություն անցկացնել: Բացի այդ, հարկավոր է վերանայել օրենքը, որը Կառավարությանը հնարավորություն է տալիս լճում արտակարգ իրավիճակի ծագման դեպքում որոշակի գործողություններ անցկացնել և իմպերատիվ նորմ ներդնել, որպեսզի իշխանությունները պարտադիր կարգով արձագանքեն: Կարևոր է նաև կոնկրետացնել Սևանի համար արտակարգ դրություն հասկացությունը», - ասաց պատգամավորը: