Օրեր առաջ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործը վերաբացվեց. վերջինս 2007-ին հրազենով կրակել էր քաղաքացու վրա: Բանն այն է, որ 2018 թ.-ի հունիսի 29-ին Դավիթ Սիմոնյանը դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ հաղորդելով, որ շուրջ 11 տարի առաջ իրեն կրակել և մարմնական վնասվածք է պատճառել Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը՝ իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում։ Ի դեպ, հաղորդում ներկայացրած անձը Հայկ Սարգսյանի և նրա ընտանիքի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել, հատկապես մեծ դերակատարություն է ունեցել ընտրությունների ժամանակ վերջիններիս աջակցելու հարցում:
Նշենք, որ հուլիսի 11-ին Հայկ Սարգսյանը դատարանի դահլիճում կալանավորվեց. նա մեղադրվում է 11 տարի առաջ սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու մեջ:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Սարգսյանի փաստաբան Երեմ Սարգսյանընշեց, որ կալանավորման որոշումն ակնհայտ անհիմն է, իսկ որոշումն՝ ապօրինի. «Հույս ունեինք՝ այս իրավիճակում դատարանները, քննչականն ու դատախազությունը կգործեին օրենքի տառին համապատասխան, ինչպես պահանջում է երկրի ղեկավարությունը, բայց տեսնում ենք՝ «արջի ծառայություն է մատուցվում» ցածր օղակների կողմից:
Ակնհայտ է, որ հուլիսի 4-ից Հայկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 7 օր գտնվելով ազատության մեջ, առնվազն 4 անգամ ծանուցագրերով ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և որևէ անգամ չի թաքնվել: Իսկ Վճռաբեկ դատարանը կոնկրետ նախադեպերով սահմանել է, որ կալանքը պետք է ընտրվի այն բացառիկ դեպքերում, եթե խափանման այլ միջոցները չեն կարողանում ապահովել անձի պատշաճ վարքագիծ: Եվ 7 օր հետո դատարանը հանկարծ կալանավորելու որոշում է կայացնում»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ իրենք մի քանի անգամ միջնորդել են, որպեսզի մեղադրանքի էությունը պարզաբանվի, քանի որ յուրաքանչյուր ոք, եթե մեղադրվում է հանցագործության մեջ, պետք է տեղեկացվի մեղադրանքի վերաբերյալ իրեն հասկանալի լեզվով: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ իրենք զրկվել ենք պաշտպանության, ինչպես նաև ցուցմունք տալու իրավունքից:
Հարցին՝ ինչո՞ւ, ի վերջո, տուժողը 11 տարի անց որոշեց խոսել և ցուցմունք տալ Հայկ Սարգսյանի դեմ, փաստաբանը պատասխանեց. «Պատասխանը ենթադրությունների մակարդակով է. առերեսման ժամանակ տուժողի մարմնի վրա եղել են բազմաթիվ վնասվածքներ՝ արնահոսող և կապտուկի տեսքով, մեջքի շրջանում ուժեղ ցավերի հետևանքով մի քանի ժամ մեջքը բռնած, նստած վիճակում է եղել: Առերեսման ժամանակ ուղիղ հարց է տրվել, թե ինչի հետևանքով են այդ վնասվածքները առաջացել տուժողի վրա, ինչին ի պատասխան ասել է, թե երիկամները ցավում են, իսկ վնասվածքները մոծակի կծելու հետևանքով է առաջացել: Մենք միջնորդեցինք, որպեսզի փորձաքննություն իրականացվի, քանի որ որոշակի խնդիր էինք տեսնում այդտեղ, սակայն այս անգամ ևս մերժեցին մեզ: Եվ հաջորդը, տուժողը թմրանյութ պահելու կասկածանքով մի քանի ամիս կալանքի տակ է եղել ու օրեր առաջ հանկարծ ազատ արձակվեց»,- ասաց նա՝ ընդգծելով, որ տուժողի նկատմամբ ճնշում գործադրվել է, թե ոչ՝ կպարզվի հետագայում և փաստերով կներկայացնեն:
Երեմ Սարգսյանը նշեց՝ իր պաշտպանյալին ապօրինի զենքի մասով չէր կարող մեղադրանք առաջադրել, քանի որ վաղեմության ժամկետ է անցել:
«Չեմ բացառում, որ կալանքի որոշումը բողոքարկենք: Այլ բողոքներ ևս կներկայացվեն»,- հավելեց փաստաբանը:
Նշենք, որ հուլիսի 4-ին օպերատիվ գործողությունների արդյունքում Հայկ Սարգսյանը հայտնաբերվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և բերման ենթարկվել գլխավոր վարչություն։ Սարգսյանը պատրաստվում էր լքել Հայաստանը՝ մեկնելով Ֆրանսիա։ Ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում նրա մտադրությունը չիրականացավ։ Հայկ Սարգսյանին ոստիկանները ներկայացրել են նախաքննական մարմնին։