Այսօր լրանում է Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի ձերբակալման 72 ժամը:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրուցում կասկածյալի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ այս պահին չգիտի՝ քննչական մարմինները դատարան կդիմե՞ն կալանքի համար, թե՝ ոչ:

 

Փաստաբանի հետ զրուցեցինք այս գործում հնարավոր քաղաքական տարրեր լինել-չլինելու մասին, ինչին ի պատասխան՝ Աթանեսյանն ասաց, որ մինչ այս պահը նման բան չի տեսել. «Շարքային թյուրիմացություն է, որը ոստիկանությունը և քննչական մարմինները պետք է ստուգեն և հարցին լուծում տան»:

 

Փաստաբանը խոսքով՝ այս գործում առևանգման մասին խոսք լինել չի կարող. «մոռացե՛ք»:

 

«Առևանգում բառը մոռացե՛ք, իմ պաշտպանյալը կասկածվում է ապօրինի ազատությունից զրկելու մեջ: Դրանք տարբեր բաներ են: Իրավական առումով՝ ձերբակալության կարիք բացարձակ չկար, ընդամենը պետք էր կատարել մի շարք քննչական գործողություններ և շատ արագ պարզել եղելությունը»:

 

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ 2017թ. փետրվարի 17-ին ոստիկանությունից ստացվել է քաղաղացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առ այն, որ 2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հ. Սիրադարյանը և նրա հորաքրոջ որդին՝ Ա. Օսկանյանը իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում, իր կամքին հակառակ՝ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ եւ թույլ չեն տվել դրանից դուրս գալ՝ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով:

 

Նախնական տվյալներով՝ փետրվարի 16-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Երեւանի Լենինգրադյան փողոցի «Ռոբերտո» խանութ-սրահի հարակից հատվածից Ն.Բերբերյանին նստեցրել են ավտոմեքենայի մեջ, գնացել Աբովյան քաղաք և նրա կամքին հակառակ եւ իր առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ ապօրինաբար զրկել ազատ տեղաշարժվելու իրավունքից եւ պահանջել վերադարձնել 1.500.000 ՀՀ դրամ պարտքը: