Ներկայում ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամական հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիա արտահանձնելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Այս մասին հաղորդում է թուրքական կառավարությանը մոտ կանգնած «Սաբահ» թերթը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը:

 

«Փենսիլվանիայում բնակվող պարոն Ֆեթուլլահ Գյուլենին մոռացեք: Նրան արտահանձնելու մասին խոսք անգամ չի կարող լինել», -ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:

 

Նա նշել է, որ ԱՄՆ-ը և Թուրքիան դաշնակիցներ են, բայց դա չի նշանակում, որ երկու երկրներն էլ միակարծիք են բոլոր հարցերում:

 

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Գյուլենը քաղաքական ապաստան է խնդրել Կանադայում ևՆոր Զելանդիայում: Նա նման որոշում ընդունել է այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել էր ԱՄՆ-ից նրա հնարավոր արտահանձնմանն իր հասնելու մասին: Նա նշել է, որ Գյուլենը միջամտում է Թուրքիայի ներքին հարցերին' օժանդակելով երկրում իրադրության ապակայունացմանը:

 

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն ավելի վաղ ասել էր, որ Ֆեթուլլահ Գյուլենի նկատմամբ հնարավոր է միջազգային որոնում հայտարարվի: Նրա խոսքով, Գյուլենի նկատմամբ միջազգային որոնում հայտարարելու համար անհրաժեշտ է դատարանի որոշումը:

 

Անցած դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել են թուրքական կառավարության անդամների, այդ թվում' վարչապետի, նրա որդու, փեսայի և դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետևում կանգնած են Ֆեթուլլահ Գյուլենի գաղափարակից «գյուլենական համայնքի» հետևորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը:

 

Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն:

 

Ֆեթուլլահ Գյուլենի կողմից ղեկավարվող համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում և մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ: Թուրքական կառավարությունը որոշել է 2014 թ. սեպտեմբերից փակել գյուլենական համայնքին պատկանող բոլոր կրթական և հասարակական հաստատությունները: