Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Ինեսսա Գաբայանի հարազատները ներգրավված են հիդրոէներգետիկ բիզնեսում: Նրանք ընկերություններ ունեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Ուկրաինայում և Բուլղարիայում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 10-ի որոշմամբ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ է նշանակվել Ինեսսա Գաբայանը, ով հիդրոէներգետիկայի ոլորտից է:

 

Ինեսսա Գաբայանին ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելը կարող է որակվել որպես դասական օրինակ ՛՛regulatory capture՛՛ կոչվող երևույթի, ինչը նշանակում է պետական կարգավորող մարմնի զավթում շահագրգռություն ունեցող ինդուստրիայի կողմից, որը գտնվում է հենց այդ կարգավորող մարմնի վերահսկողության ներքո: 

Խնդիրը պետական համակարգում բիզնես շահեր ունեցող անձանց նշանակումներին է վերաբերում, քանի որ ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ասել՝ «Նոր Հայաստանում, բիզնեսմենը պետք է զբաղվի բիզնեսով: Կարծում եմ՝ պետք է վերահսկել, որպեսզի շահերի նման կոպիտ բախումներ չլինեն»: 

Բանն այն է, որ խմբագրությանն ուղարկված անանուն նամաով մեզ տեղեկացնում են, որ Գաբայանների ընտանիքը (և հենց Ինեսսա Գաբայանը) ակտիվ կերպով ներգրավված է ՓՀԷԿ-երի շինարարության ու նախագծման ծառայություններում, հիդրոագրեգատների խոշոր ներմուծող է (չեխական CINK Hydro): Նրանք հեղինակել են Հայաստանում գործող բազմաթիվ ՓՀԷԿ-երի նախագծեր ու տեխնիկատնտեսական հիմնավորումներ, դրանցից շատերին մատակարարել ու մատակարարում են անհրաժեշտ սարքավորումներ, որոնց արժեքները հաշվարկվում են միլիոնավոր դոլարներով: 

Այդ ՓՀԷԿ-երի շարքում կան նաև բնապահպանական ու ոռոգման լուրջ խնդիրներ առաջացնող այնիպիսի ՓՀԷԿ-եր ինչպես բնապահպանական աղետի եզրին կանգնած Եղեգիսգետի վրա գտնվող «Գոռնար» ՓՀԷԿ-ը: Կառուցված լինելով Հերմոն-Չիվա և Հերմոն-Ռինդ ոռոգման ինքնահոս համակարգի վրա, սույն կայանը` սակավ ջրային ռեսուրսի համար մրցում է վերոհիշյալ ոռոգման համակարգից օգտվող գյուղական տնտեսությունների հետ, ջուրը գետից վերցնում է Եղեգիսի վրա կառուցված մի քանի այլ ՓՀԷԿ-երից վերև և դրանք «բայ-փաս» անելով թափում դրանցից ներքև` խախտելով նույն գետի վրա իրար հաջորդող ՀԷԿ-երի կասկադային ջրառի սկզբունքը, և, որ ամենազավեշտալին է, վերջինիս ջրային թույլտվությունը տրված է Արփա-Սևան թունելով դեպի Սևան գնացող ջրի ծավալից:

 

Անհնար է, որ այսքան «զոռբա» սխեմայի ջ/թ-ն տրված լինի օրենքի և բնապահպանական պահանջների պահպանմամբ ու օրինական որոշումների հիման վրա: Դա հնարավոր էր միայն օլիգարխիկ ճնշման արդյունքում: Եղեգիսի վիճակը թեթևացնելու համար անհրաժեշտ է քննության առնել այս ու նման բազմաթիվ այլ օբյեկտներ (որոնցից շատերը նախագծվել ու հիմնավորվել են հենց Գաբայանների կողմից), և դա առաջնահերթ Ջրային տնտեսության պետական կոմիտեի գործն է: 

Ստացվում է, որ Գաբայանները վճարվել են ու վճարվելու են ՓՀԷԿ-երի նախագծեր ու հիմնավորումներ իրականացնելու համար, նրանք են տրամադրել ու տրամադրելու բազմաթիվ ՓՀԷԿ-երի (այդ թվում վերոհիշյալ պրոբլեմատիկ օբյեկնտերի) ջրային ռեսուրսի հիմնավորումները, բազմաթիվ ՓՀԷԿ-երի հետ իրենք ունեն և ունենալու են սարքավորումների մատակարարման բազմամիլիոնանոց պայմանագրեր, այդ ՓՀԷԿ-երից շատերին ջրային ռեսուրսի տրամադրման հարցերը գտնվում են Ջրային տնտեսության պետական կոմիտեի կարգավորման դաշտում, տիկին Գաբայանի ամուսինը` Գրիգոր Գաբայանը Վերականգնվող Էներգիա Արտադրողների Ասոցիացիայի խորհրդի անդամ է, կամզակերպություն, որի հիմնական նպատակը Եղեգիսի ՓՀԷԿ-երի խմբային շահերի պաշտպանությունն է, կարող ենք ավելացնել նաև, որ ոչ շատ վաղուց, տիկին Գաբայանը հայտնել է հետևյալ դիրքորոշումը` «սխալ է հէկերին «ոչ» ասելը, իսկ գյուղերի բնակիչներն էլ դժգոհելու փոխարեն թող իրենց ներդրումն ունենան վերահսկողության հարցում», անդրադառնալով ՓՀԷԿ-երի առաջացրած սակավաջրության դեմ Եղեգիսի ավազանի գյուղացիների բարձրացրաց բողոքին, հետևաբար, կարգավորող մարմնի ղեկավարը ուղղակի զգալի նյութական կախվածության մեջ է գտնվում կարգավորվող ինդուստրիայի տնտեսվարողներից, և ուրեմն, կունենանք «regulatory capture»-ի ծայրահեղ դրսևորում, ինչը բացարձակապես չի համապատասխանում Նոր Հայաստանի ոգուն ու ռազմավարական շահերին:Չէ՞ որ տիկին Գաբայնը պետք է տեր կանգնի իր իսկ ստորագրած տեխնիկատնտեսական հիմնավորումներին, ՓՀԷԿ-երին հասանելի ջրային ռեսուրսների վերաբերյալ եզրակացություններին, և ընդհանուր առմամբ գոհացնի իրենց անցյալ ու ներկա հաճախորդներին, ինչպես նաև ներգրավի նոր հաճախորդների:

ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Ջրային կոմիտեի նորանշանակ ղեկավար Ինեսսա Գաբայանից: «Գաբայանը սեփական բիզնես չունի, իսկ ընտանեկան բիզնեսում որպես տնօրեն է աշխատել վերջին 10 տարվա ընթացքում: Վերջին մեկ տարվա ընթացքում եղել է տնօրենի խորհրդական, սակայն այդ պաշտոնից ևս ազատվել է»,- մեզ հետ զրույցում փոխանցեց Ջրային կոմիտեի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուն: