Երեկ մենք տեղեկացրել էինք, որ բախումներ են տեղի ունեցել հոգևորականների և Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ բողոքի ակցիա իրակացնողների միջև, որին միջամտել են ոստիկանները:

Տեսանյութը տարածվեց համացնացում և լայն քննարկումների տեղիք տվեց, բանն այն է, որ բախման ժամանակ թե՚ ակտիվիստները, թե՚ հոգևորականները բավականին կոպիտ էին արտահայտվում միմյանց հասցեին, և, մանավանդ, հոգևորականի դեպքում կոպիտ խոսքն առավել հիասթափեցնող էր:

 

Հետաքրքրական է, որ ոստիկանության գործողությունների ժամանակ հայտնվել է կաթողիկոսի եղբոր որդին՝ Արմավիրի դատախազ Կորյուն Ներսիսյանը, և ոչ կոռեկտ պահվածք ցուցաբերել, անգամ հայհոյախառն արտահայտություններով խոսել նաև ոստիկանների հասցեին:

ԼՈւՐԵՐ․com-ի կադրեր է հրապարակում, որտեղ երևում է դատախազ Կորյուն Ներսիսյանը:

Մեզ հետ զրույցում Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հաստատեց, որ Կորյուն Ներսիսյանը գտնվել է այնտեղ, բայց ի պաշտոնե չի ուղարկվել։

«էջմիածնում որևէ բան լինելիս միշտ շրջանառվում է նրա անունը, բայց ես հերքում եմ, որ նա հայհոյել կամ իրեն անվայել վարք է ցուցաբերել»,-ասաց նա։

Թե ինչ հանգամանքներում և ինչու է Արմավիրի դատախազը գտնվել այնտեղ, Խաչատրյանը նշեց, որ պարզելու համար ծառայողական քննություն կանցկացվի։

Գուցե արյան կանչով է դատախազը հայտնվել թեժ կետում և փորձել պաշտպանել հորեղբորը «ահարկու» ակտիվիստներից: