ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշեց, որ տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների միջև արդյունավետ համագործակցություն է ձևավորվել։ Հատկապես ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտում գործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում։
Նախարար Աշոտ Հակոբյանն անդրադարձավ մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորություններին՝ նշելով, որ ձևավորված դրական փորձը գոհացուցիչ է, և բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել այն ավելի մեծացնելու համար։
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհավորելով նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նշեց, որ Իրանի և Հայաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդումն ու խորացումը շահավետ են երկու երկրների համար էլ։ Հանդիպման ընթացքում կարևորվեց Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը։ Նշվեց, որ այն, որպես տարանցիկ ուղի, առանցքային նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրի տնտեսության՝ մասնավորապես տրանսպորտի և զբոսաշրջության զարգացման համար։
Քննարկվեցին նաև ճանապարհաշինության, երկաթուղու, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների, կապի ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր։