Քիչ առաջ կառավարության շենքի առջև էին հավաքվել մոտ երկու տասնյակ նախկին զինվորներ: Նրանք պահանջում են իրենց զինվորական գրքույկներում նշել պատերազմի մասնակից լինելու փաստը:
Պատերազմի մասնակիցները Ազատության հրապարակից քայլերթով գնացին դեպի կառավարության շենք, որտեղ էլ պահանջեցին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հարցին լուծում տալու համար:
Նրանք կոչ են անում խնդրով մտահոգ մյուս զորացրված տղաներին ևս միանալ իրենց:
«Անարդարություն է տեղի ունեցել. պատերազմի մասնակից մի շարք զինվորների զինգրքույկներում պատերազմի մասնակցության փաստը չի արձանագրվել: Պահանջում ենք հանդիպում վարչապետի հետ, որպեսզի արդարացի որոշում կայացվի: Ինչպե՞ս է ստացվել, որ նույն զորամասի ծառայողներից 10%-ի զինգրքույկներում գրված է, որ մասնակցել են Ապրիլյան պատերազմին, 90%-ի զինգրքույկներում գրված չէ»,- ասաց պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը:
Նախկին զինվորներից մեկն էլ նշեց՝ նույն խնդրով դիմել են Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին, սակայն խնդիրը մինչև այժմ լուծում չի ստացել:
Բողոքի ակցիա իրականացնողներին մոտեցած Կառավարության ներկայացուցիչն ասաց, որ նամակ փոխանցեն՝ վստահեցնելով, որ դրան կպատասխանեն մինչև շաբաթվա վերջ: