Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության ավարտը կախված է ֆինանսավորումից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

 

«Ուզում եմ բոլորիդ տեղեկացնել, որ Հյուսիս-հարավ տրանսպորտային ծրագիրը բաղկացած է 5 մասնաբաժիններից, որոնցից 3-ի մասով միայն ֆինանսավորում ունենք: Ծրագրի առաջին, երկրորդ և երրորդ տրանշերը և չորրորդ տրանշից մի փոքր հատված ֆինանսավորվում են միջազգային երեք ընկերությունների կողմից, իսկ մյուս մասը դեռևս ֆինանսավորում չունի: Հետևաբար, եթե որևէ մեկը ճանապարհի ավարտման ժամկետի վերաբերյալ հայտարարություն կանի, դա կլինի շատ անլուրջ, որովհետև դրա մասին կարող ենք խոսել միայն այն ժամանակ, երբ մայրուղու ֆինանսավորման խնդիրը լուծված կլինի»,- ասաց նախարարը:

 

Նա նշեց՝ պատրաստ են համագործակցել ծրագրով հետաքրքրված բոլոր կողմերի հետ, լսել դիտողություններ, առաջարկություններ, որպեսզի որքան հնարավոր է՝ շուտ լուծում տրվի խնդրին:

 

Նշենք, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը զանգվածային լրատվամիջոցների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպել է այցելություն «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2՝ Աշտարակ-Թալին և Տրանշ 3՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ:

 

Այնուհետև նախարարը ներկայացրեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» մանրամասները և կպատասխանեց լրագրողների հարցերին։