Ադրբեջանի Գյանջա քաղաքում վերջերս բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Նրանք սկզբում տեղեկատվություն տարածեցին, որ բախումը կենցաղային հողի վրա է եղել, դրանից հետո՝ որ ծայրահեղ կրոնականներն են իրականացրել և վերջում՝ որ այս գործում հայկական հետքեր կան: Սա նշանակում է, որ ներկայիս իշխանությունները պատրաստ են պատասխանատվությունը բարդել բոլորի վրա, միայն թե՝ ոչ իրենց: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանի իշխանություններն անընդհատ պնդում են, որ վերահսկում են իրավիճակը, սակայն այնտեղ նկատելի են ներիշխանական պայքարի էլեմենտներ, և պատահական չէ ոստիկանների սպանվելը, քանի որ դա փաստում է զինված ուժերի հետ կապված խնդիրների մասին, չնայած՝ Արդբեջանը դա վերագրում է ծայրահեղ իսլամիստներին:

«Գյանջայի դեպքերից օրեր առաջ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հայերը կնախանձեն Ադրբեջանի կայունությանը: Սակայն կարծում եմ, որ Ադրբեջանում տեղի ունեցող այդ բոլոր գործընթացների վրա ազդում է նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Հետևելով մեր երկրի իրադարձություններին՝ ադրբեջանցիների շրջանում ևս դիսկուրս է առաջանում»,- ասաց Հայրապետյանը և հավելեց, որ Իլհամ Ալիևի համար իր կառավարման 4-րդ շրջանը բարդ է լինելու, քանի որ Ադրբեջանը ինստիտուցիոնալ առումով իր գործառույթները չի կատարում և թվացյալ վերահսկողությունն իր ճաքերն է տալու:

Փորձագետ Լիանա Հովհաննիսյանը նշեց, որ  տարածաշրջանում հայկական իրադարձությունները շղթայական ռեակցիա են ունեցել՝ որոշակի ոգևորություն ստեղծելով տարբեր հանրությունների մոտ, մասնավորապես, Ադրբեջանի հանրությունը ևս դրական արձագանքնեց մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին:

«Սա սրում է իշխանությունների մտավախությունը, որ իշխանափոխության փորձեր կարող են տեղի ունենալ նաև Ադրբեջանում, ինչը նրանց ստիպում է իրականացնել կանխարգելիչ աշխատանքներ և շեղել հասարակությանը ներքին խնդիրներից՝ համախմբելով արտաքին թշնամու շուրջ»,-ասաց Հովհաննիսյանը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ հնարավո՞ր է՝ Ադրբեջանում ներքաղաքական ճգնաժամը հանգեցնի պատերազմական գործողությունների, ադրբեջանագետ Տաթև Հովհաննիսյանը չբացառեց սադրանքները, սակայն նշեց, որ դա ռիսկային է Ադրբեջանի իշխանությունների համար, քանի որ կարող է հանգեցնել իշխանափոխության: Փորձագետ Լիանա Հովհաննիսյանը հավելեց, որ հայկական զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի՝ հաշվի առնելով, որ սահմանային ցանկացած սադրիչ գործողություն կարող է իրավիճակը վերահսկողությունից դուրս հանել:

 Արմինե Արմենակյան