Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում առերևույթ չարաշահումների փաստերով քրեական գործը նախաքննության փուլում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության ղեկավարության պարզաբանմանը, ըստ որի՝ հաշվարկների սխալ է և չարաշահումներ, յուրացումներ չեն եղել, Դավթյանը նշեց.

 

«Մենք հակառակ պարզաբանումը դրեցինք: Ակնհայտ է, որ առերևույթ հանցագործության փաստեր, որոնցով քրեական գործ հարուցելու հիմքեր պետք էին, դրանք առկա էին, իսկ մնացածը կքննվի գործի նախաքննության ընթացքում և  կպարզվի»,- ասաց նա:

Գլխավոր դատախազը նշեց՝ ունեցել են քրեական գործ հարուցելու հիմքեր, սակայն մեղադրանքների մասին կարելի է խոսել, երբ լինեն դրանք:

Նա ձեռնպահ մնաց չարաշահումների հետ կապ ունեցող անձանց անունները հնչեցնելուց. «Քննության արդյունքում պետք է պարզվի, թե այդ սխեմաների մեջ ովքեր ինչ ներգրավվածություն են ունեցել և ում արարքում հանցակազմ կա»,- նշեց Արթուր Դավթյանը: