2018 թվականի հուլիսի 6-ին ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը կազմել էր Վճռաբեկ և Վերաքննիչ դատարաններում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը, ապա կատարել ընտրություն: Հուլիսի 19-ին խորհուրդը հաստատել է հուլիսի 6-ին տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքներով կազմված՝ Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը՝ քաղաքացիական մասնագիտացման բաժնի մասով։
ԲԴԽ-ի կողմից քաղաքացիական մասնագիտացմամբ առավելագույն ձայներ են ստացել Նարեկ Գաբրիելյանը, Կարեն Համբարձումյանը և Դավիթ Սերոբյանը։ Բարձրագույն դատական խորհուրդը, սակայն, չի հաստատել քրեական մասնագիտացման քվեարկությունը, որի ժամանակ առավելագույն ձայներ էր ստացել Կենտրոնի նախկին դատախազ Կարեն Բատիկյանի կինը՝ Լուսինե Հովհաննիսյանը։
Ուշագրավ է, որ Լուսինե Հովհաննիսյանը գործող դատավոր չէ, և բացի այդ, նախկինում կտրվել էր դատավորների որակավորման գրավոր քննությունից և չէր անցել նաև հարցազրույցի փուլը։ ԲԴԽ-ի կողմից այսպիսի արդյունքներով մարդուն դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկելը և առավելագույն ձայներ տալը միայն փաստում է, որ այն շարունակում է նախորդ իշխանությունների՝ խնամի-ծանոթ-բարեկամ գործելաոճը։
Ամենայն հավանականությումբ, Լուսինե Հովհաննիսյանի կապերը բավականին ազդեցիկ են, չնայած նրան, որ Վերաքննիչ հասնելու համար անհրաժեշտ է Առաջին ատյանում առնվազն երեք տարվա դատավորի աշխատանքային փորձ կամ իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և10 տարիներից առնվազն ութ տարի ԲՈւՀ-ում իրավունք դասավանդած կամ գիտական աշխատանք կատարած անձ, սակայն առաջխաղացման ցուցակում հայտնվելու համար շատ գործող դատավորներ երկար տարիներ աշխատում են, արդյունքներ են արձանագրում՝ սպասելով Վերաքննիչ հասնելու՝ իրենց հերթին։
Այս փաստերը և վերոնշյալ ցուցանիշներ արձանագրած մարդուն ԲԴԽ-ի կողմից առավելագույն ձայներ տալը իրավաբանական հանրության մետ քննարկումների և դատավորների կողմից ստորագրահավաք սկսելու և ընդհանուր ժողով գումարելու առիթ հանդիսացավ, որպեսզի քննարկվի ԲԴԽ որոշումների տրամաբանությունն ու էությունը։ Հավանաբար, այսպիսի արձագանքն էլ պատճառ հանդիսացավ ԲԴԽ-ի կողմից հուլիսի 6-ի որոշումը չհաստատելու և արտահերթ համալրում կատարելու համար։ Նշենք, որ քրեական մասնագիտացման բաժնում, բացի Լուսինե Հովհաննիսյանից, եղել են ևս 6 հավակնորդներ, որոնց թվում՝ նաև Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, որը ԲԴԽ-ի կողմից չէր ստացել բավարար ձայներ։
ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Ռուբեն Մելիքյանը խուսափեց խորհրդի այս գործունեությանը, մասնավորապես, Լուսինե Հովհաննիսյանին առավելագույն ձայներ տալուն որևէ որակավորում տալ՝ հաշվի առնելով իր՝ այդ գործընթացին մասնակից լինելու փաստը։
Նա նշեց, որ հանրային ուշադրությունը նման գործընթացների նկատմամբ կարևոր է, քանի որ քաղաքացիական հասարակությունը, հանրային վերահսկողությունը կարող են որոշակի դեր ունենալ դատական իշխանության, ԲԴԽ-ի որոշումների իրավաչափության վրա։ Նա կարևորեց նաև քաղաքացիական հասարակության իրավապաշտպան թևի ներգրավվածությունը, որը վերջին շրջանում բավականին պասիվ է։
«ԲԴԽ-ում առնվազն 6 անդամ հուլիսի 6-ին հստակ դիրքորոշում է արտահայտել իր քվեարկությամբ։ Այդ անդամներից որոշները հանրության լայն շրջանակներում հայտնիություն ունեցող մարդիկ են, բայց կան մարդիկ, որոնք հայտնի են անհայտ լինելու փաստով։ Հենց այդ երկրորդ կատեգորիան պետք պաշտպաներ իր դիրքորոշումը կոնկրետ թեկնածուի մասով, այսինքն՝ հրապարակավ ասեր՝ քվեարկել է այս թեկնածուի օգտին և որ արժանիքի համար է քվեարկել։ Այդպես հանրությունը կկարողանա հետևություններ անել»,-ասաց Մելիքյանը և հավելեց, որ դատարաններում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների համար գործընթացը ժամանակատար է և պետք է լինեն ուղենիշներ, որպեսզի դիմողները հասկանան իրենց ընտրվելու հավանականությունը, ըստ այդմ՝ արժե՞ դիմել, թե՝ ոչ։
ԲԴԽ-ի գործունեության, մասնավորապես, վերջին որոշման չհաստատելու վերաբերյալ ԼՈւՐԵՐ.com-ը կապ հաստատեց փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ, ով նկատեց, որ այդ որոշումը իրավական գործընթացի հետ կապ ունենալ չի կարող, քանի որ կա որոշումը, բայց չկա դրա պատճառաբանությունը, իսկ որոշման հրապարակումը Վարոսյանը որակեց ձևական բնույթ ունեցող։
«Դուք ձեր ներսում առանց որոշումների նշանակեիք, ում ուզում էիք՝ ընտրեիք։ Ինչի՞ եք ձևական թղթի կտորով հրապարակում. նրա համար, որ հանրությունը տեղեկանա՝ այն աստիճան խառն եք, որ երեկ չգիտեի՞ք, թե ինչ եք անելու վաղը»,-ասաց Վարոսյանը՝ խոսքն ուղղելով Բարձրագույն դատական խորհրդի անդամներին։
«Այն, որ ԲԴԽ-ն իրեն սպառել է դեռ չձևավորված, դա պարզ էր բոլորիս՝ դեռ վաղուց։ Դատական խորհուրդը չի արտացոլում բացարձակ իրականությունը և այն կազմով, ինչ կազմով որ կա՝ գոյություն պետք է չունենա։ Քանի դեռ այս խորհուրդն է փորձում ձևավորել դատական համակարգը, մենք դատական համակարգի սաղմեր անգամ դեռ չենք ունենալու։ Մենք պետք է իրենց ձևավորած սկզբունքները վերանայենք, պետք է հասկանանք՝ իրենցից ո՞վ և ինչո՞ւ առաջադրվեց։ Դա պետք է հասկանալ, հետո մտածել՝ նրանք կարո՞ղ են դատավոր ընտրել, թե՝ ոչ։ Ես կարծում եմ՝ մենք բոլորս՝ հանրությունը, կառավարությունը պետք է անենք հնարավորը, որպեսզի ունենանք իրական ԲԴԽ»,-հավելեց Վարոսյանը։
Նշենք, որ իրավական տեսանկյունից կան համապատասխան ցենզեր Վերաքննիչ դատարանի դատավոր դառնալու համար։ Ըստ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել`
- համապատասխան մասնագիտացման առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող դատավորը, որը չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով
- վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն։
- իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն ութ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը: