Սեպտեմբերի 10-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին և դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավոր Դիանա Հովհաննիսյանին:
ԲԴԽ նախագահը շնորհավորեց նորանշանակ դատավորին և հաջողություն մաղթեց՝ հույս հայտնելով, որ Դիանա Հովհաննիսյանն իր մասնագիտական գիտելիքներն ու ողջ ներուժը կներդնի արդյունավետ արդարադատություն իրականացնելու պատասխանատու գործում: Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի ՆՀ-383-Ա հրամանով՝ Դիանա Հովհաննիսյանը նշանակվել էԵրևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 2-ի ԲԴԽ-30-Ո-68 որոշմամբ ներկայացված առաջարկությունը: Դատավորների հետ կայացած հանդիպման ժամանակ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անդրադարձավ Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ արդարադատության համալիր բարելավման հայեցակարգին, պատասխանեց նաև դատավորներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին դատավորի սոցիալական անկախության երաշխիքներին, նյութատեխնիկականև օրենսդրական բնույթի առկա խնդիրներին: ԲԴԽ նախագահը կրկին անգամ շեշտեց, որ Խորհուրդը բաց է և պատրաստակամ՝ դատավորների հետ պարբերաբար հանդիպելու և քննարկելու դատական իշխանությանը վերաբերող առանցքային բոլոր հարցերը:
Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն