Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հուլիսի 22-ին հանդիպեց աշխարհի 15 երկրներից Հայաստան ժամանած 62 սփյուռքահայ ուսուցիչների հետ, ովքեր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի նախաձեռնությամբ Հայաստանում մասնակցում են վերապատրաստման մեկամսյա դասընթացների:
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Տիար Ռուբեն Միրզախանյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը սփյուռքահայ ուսուցիչների ուսուցիչներին, վերջիններիս ներկայացրեց Վեհափառ Հայրապետի գործունեությունը կրթական ոլորտում' դրա լավագույն վկայությանները նկատելով հիմնված հոգևոր կրթական և հանրակրթական հաստատությունները: Պրն. Միրզախանյանը տեղեկացրեց նաև, որ համալսարանի մի շարք ուսանողներ իրենց փորձառության շրջանը անցկացնում են Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցում:
Այնուհետև ուսուցիչներին իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը' մեծապես կարևորելով համալասարանի և ՀՀ պատկան կառույցների կարևորագույն այս նախաձեռնությունը: Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ տարեցտարի Հայաստան ժամանող սփյուռքահայ ուսուցիչների թիվը մեծանում է:
Բարձրորեն գնահատելով սփյուռքահայ ուսուցիչների նախանձախնդրությունը' Վեհափառ Հայրապետը շեշտեց, որ մանկավարժները կարևոր պատասխանատվություն են կրում այսօրվա և գալիք սերունդների դաստիարակության ու կրթության համար: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ այցը Հայաստան և մասնակցությունը դասընթացին նորանոր լիցքեր կհաղորդի նրանց' նոր ուժով և ավյունով շարունակելու ուսուցչական իրենց բարդ ու դժվարին առաքելությունը:
Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետն անդրադարձավ նաև Սփյուռքի առջև ծառացած արդի մարտահրավերներին՝ մասնավորապես խոսելով հայապահպանության, հայեցի դաստիարակության, ինչպես նաև մատաղ սերնդի մեջ աստվածսիրություն և հայրենասիրություն սերմանելու կարևորության մասին: Մարտահրավերների հաղթահարման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց համագործակցությունը եկեղեցական կառույցների և ազգային կրթական հաստատությունների միջև:
Այս առիթով Նորին Սրբությունը ներկաներին տեղեկացրեց «Գարեգին Ա» կրթական կենտրոնում Մայր Աթոռի կողմից Հայ Եկեղեցու քահանաների համար նախաձեռնված վերապատրաստման դասընթացների մասին' հավելելով, որ առաջիկա տարի նախատեսվում է կազմակերպել վերապատրաստման դասնթացներ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուսուցիչների համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Սփյուռքում գործող հայկական դպրոցների և մայրենիի պահպանման խնդիրներին:
Վերջում Վեհափառ Հայրապետը մանկավարժներին մաղթեց Աստծո օրհնությունն ու պահպանությունը իրենց սրբազան առաքելության իրականացման գործում:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: