Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր, թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի ազատության համար վերաքննիչ դատարանի սահմանած 1 մլրդ դրամ գրավը վճարվել է, Ղազարյանն արդեն ազատության մեջ է:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը վերջինիս փաստաբան Արմեն Հարությունյանից հետաքրքրվեց՝ ո՞վ և ինչպե՞ս է վճարել իր պաշտպանյալի ազատության համար անհրաժեշտ գումարը և արդյո՞ք հնարավոր է այդ փաստը ևս քննության առարկա դառնա.
«Գրավը փոխանցվել է դեպոզիտ հաշվին։ Թե ինչ միջոցներով և ինչպես է վճարվել, որևէ տեղեկություն չեմ կարող հայտնել: Նախաքննությունը կպարզի ամեն բան։ Միայն կարող եմ ասել՝ պարտադիր չէ, որ գումարը իր միջոցներից վճարած լինի։ Պարտադիր չէ, որ վճարված գրավը պատկանի հենց կալանավորված անձին»,- պարզաբանեց փաստաբանը։
Նա ապատեղեկատվություն որակեց տեղեկությունները, թե գրավի գումարը պատրաստվում էին վճարել քրեական հեղինակությունները. «Նման բան չկա, դա ապատեղեկատվություն է», - ասաց նա։
Նշենք, որ այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Ղազարյանի ազատ արձակման համար գումարը տրամադրելու է ռուսաստանաբնակ մեծահարուստ, ԱՄՆ-ում ՀՀ առեւտրային ներկայացուցիչ Ալբերտ Ավդալյանը: Իսկ թե իսկապես վերջինս է վճարել, թե ոչ, դեռևս հայտնի չէ:
Հավելենք նաև՝ այս օրերին Վաչագան Ղազարյանի ազատ արձակման դիմաց 1 միլիարդ դրամ գումարը վճարելու պատրաստակամություն հայտնած անձանց թվում շրջանառվում էր նաև ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանի անունը: Սակայն վերջինս ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հարցը լսելով՝ զարմացել էր:
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաև ապօրինի հարստանալու համար: Նա կալանավորվել է հունիսի 27-ին:
Փաստաբանի միջնորդության հիման վրա, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխելու մասին: Ըստ այդմ` Ղազարյանը կալանքից ազատ կարձակվի 1 մլրդ դրամ գրավը վճարելուց հետո: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ գումարը վճարված է, Վաչագան Ղազարյանն ազատության մեջ է:
Սոնա Հարությունյան