Սերժ Սարգսյանի մերձավոր, թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի (Սերժի Վաչո) համար վճարվել է Վերաքննիչ դատարանի որոշմամբ սահմանված 1 մլրդ դրամ գրավի գումարը, ինչի արդյունքում նա կալանքից ազատ կարձակվի։ Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։
 
«Վաչագան Ղազարյանի համար սահմանված 1 մլրդ դրամ գրավը վճարվել է, և նա արդեն ազատության մեջ է»,- ասաց նա։ 

Իսկ թե որտեղից է Վաչագան Ղազարյանը վճարել այքան գումարը, դեռևս հայտնի չէ: 

Նշենք, որ այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Ղազարյանի ազատ արձակման համար գումարը տրամադրելու է ռուսաստանաբնակ մեծահարուստ, ԱՄՆ-ում ՀՀ առեւտրային ներկայացուցիչ Ալբերտ Ավդալյանը: Իսկ թե իսկապես վերջինս է վճարել, թե ոչ, դեռևս հայտնի չէ:

Հավելենք նաև՝ այս օրերին Վաչագան Ղազարյանի ազատ արձակման դիմաց 1 միլիարդ դրամ գումարը վճարելու պատրաստակամություն հայտնած անձանց թվում շրջանառվում էր նաև ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանի անունը: Սակայն վերջինս ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հարցը լսելով՝ զարմացել էր:

 

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաև ապօրինի հարստանալու համար: Նա կալանավորվել է հունիսի 27-ին:

Փաստաբանի միջնորդության հիման վրա, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխելու մասին: Ըստ այդմ` Ղազարյանը կալանքից ազատ կարձակվի 1 մլրդ դրամ գրավը վճարելուց հետո: 

 Սոնա Հարությունյան