ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն, ամփոփելով 2016 թվականի ֆինանսական տարին, նշեց, որ նախորդ տարվա ընթացքում 11 մլրդ դրամի դրամաշնորհային պարտավորություն թերակատարվել է և համապատասխան միջոցառումները չեն կատարվել:
Պաշտոնյայի այս դիտարկումը զայրացրեց պատգամավոր Խոսրով Հարությունյանին. «Իսկ ինչո՞ւ է թերակատարվել այդքան գումարի համար նախատեսված ծրագիրը: Դե, եթե էդպես շարունակվի, կարող եք ասել, որ 30 մլրդ դրամի ծրագիր էլ եք թերակատարել, 11 մլրդ դրամը թերակատարվել է. դա հո փոքր թիվ չէ՞»:
Պատգամավորի դիտարկմանն ի պատասխան՝ Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ իրենք ընդունում են, որ 11մլրդ դրամը փոքր թիվ չէ, բայց դրամաշնորհային ծրագրերը թերակատարվել են ծրագրերի բացակայության պատճառով և 11մլրդ-ը փոխանցվել է հաջորդ տարվա ծրագրերի համար:
Ֆինանսական բլոկի պաշտոնյան, խոսելով վիճակագրական ցուցանիշների մասին, ասաց, որ ծրագրվել էր ունենալ ՀՆԱ/հարկեր 20.7%-անոց ցուցանիշ, բայց հարկերը 0.6%-ով ավելի են հավաքագրվել, ԱԱՀ-ն կազմել է 391 մլրդ դրամ, եկամտային հարկը` 332.7 մլրդ դրամ, շահութահարկը` 127.2 մլրդ դրամ: