Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանին պատկանող «Յանս» ռեստորանում և նրա բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 1 մլն 100 հազար 400 դոլար, 230.500 եվրո, 36 մլն դրամ: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
«Հայտնաբերված գումարն ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ կպարզվի գումարի ծագումը»,-նշեց Տռուզյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՔԿ վարույթում հարուցված քրեական գործը վերաբերվում է ֆինանսական չարաշահումներին, որոնք ի հայտ են եկել «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրինության կողմից 2017թ. կատարված ներքին ստուգումների արդյունքում։
Նախնական տվյալներով՝ համալիրի ֆինանսատնտեսական կառավարումն իրականացնող ու նյութական պատասխանատու հանդիսացող հաշվապահը, 2012թ.-ի հոկտեմբեր ամսից մինչև 2017թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում պատվերների ծավալների ու գումարների տվյալները փոփոխելու եղանակով, միանձնյա, որոշ դեպքերում նաև համալիրի մենեջերի հետ համաձայնության գալով, կատարել է յուրացումներ՝ ընկերությանը պատճառելով շուրջ 25.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից 6.000.000 ՀՀ դրամը հաշվապահը 2017թ. հունիս ամսին վերադարձրել է տնօրեն Ս. Կարապետյանին՝ որպես պատճառված վնասի վերականգնում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով «Սելենա» ընկերության «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում գործող ակումբի, բացօթյա սրճարանի գործունեությանն առնչվող և դրա իրական ծավալներն արտացոլող հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ինչպես նաև դրանց վերաբերյալ տվյալներ պարունակող համակարգչային և տեխնիկական այլ սարքերն ու սարքավորումները, էլեկտրոնային կրիչները հայտնաբերելու նպատակով 2018թ. հունիսի 20-ին, օրենքով սահմանված կարգով, խուզարկություններ են կատարվել «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ. Բեգլարյանի բնակության վայրերում, «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում:
Կատարված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, բացի այդ, հայտնաբերվել է 2 ատրճանակ՝ փաստաթղթերով և ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար։