Ազգային արխիվում առկա է այն փաստաթուղթը՝ հոնորարների դուրսգրման թերթիկը, որը հավաստում է, որ «Այո»-ի 1991-ի տարբերանշանի հեղինակը Ստյոպա Նարոյանն է: Տարբերանշանը տպագրվել է «Երեկոյան Երևան» թերթի 1991թ. սեպտեմբերի 23-ի համարում, իսկ, ըստ հոնորարների թերթիկի, օրվա համարի համար պարբերականի նկարիչներից հոնորար ստացել է միայն Ստյոպա Նարոյանը:
Հրապարակված տարբերանշանի համար Նարոյանի հոնորարը կազմել է 40 ռուբլի, իսկ թերթի մյուս նկարիչ Ցոլակ Ղանդիլյանը սեպտեմբերի 23-ի համարի համար որևէ հոնորար չի ստացել:
Ղանդիլյանը 50 ռուբլի հոնորար ստացել է «Երեկոյան Երևան»-ի սեպտեմբերի 18-ի համարից, որտեղ հրապարակվել է «Այո»-ի տարբերանշանի մեկ այլ տարբերակ, որը ևս, ապրիլի 5-ին անցկացվելիք սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանի խոսքով, խորհրդանշական կապ ունի Հայաստանի անկախացման գործընթացի հետ: Նա ազդարարել էր նաև շտաբի որոշումը, որ «Այո»-ի բրենդինգի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 միլիոն դրամը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի 1991թ․ խմբագիր Նորայր Ենգիբարյանին, նկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղանդիլյանին և Ստյոպա Նարոյանի իրավահաջորդին։ Յուրաքանչյուրին կտրվի 1 միլիոն ՀՀ դրամ։
Համացանցում բուռն քննարկվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում հաղթող ճանաչված «Այո» քարոզարշավի լոգոն, որը նման է 1991 թվականի թերթում տպագրված լոգոյին: «Այո»-ի շտաբում լոգոն ընտրելիս տեղյակ չեն եղել, որ այն արտատպված է եղել 1991 թվականի թերթից: «Երեկոյան Երևան» թերթի գլխավոր խմբագիր Ենգիբարյանը երկու նկարչի անում էր նշում՝ որպես 1991թ. սեպտեմբերի 23-ի համարում լույս տեսած անկախության հանրաքվեի «Այո»-ի լոգոյի հավանական հեղինակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշել էր, որ հնարավոր է նկարի հեղինակը լինի Ցոլակ Ղանդիլյանը կամ Ստյոպա Նարոյանը, իսկ Ղանդիլյանը հաստատել էր, որ սեպտեմբերի 23-ի համարում պատկերված տարբերանշանն ամբողջովին կրում է իր գործընկերոջ՝ Նարոյանի ձեռագիրը: