Մեկ միլիարդ դրամ գրավը Վաչագան Ղազարյանը չի մուծել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը և հավելեց, որ գրավը վճարել է ոչ հայտնի անձ. «Անունն էլ չեմ հիշում»: Փաստորեն, կամ ՀՔԾ պետի մոտ ակնհայտ խնդիրներ են ի հայտ եկել հիշողության հետ կապված, կամ էլ որոշում է կայացվել մեկ միլիարդը վճարած անձի անունը պետական գաղտնիքի պես թաքցնել «հետաքրքրասեր» հանրությունից: Իսկ հանրությունն ունի բոլոր իրավունքները՝ իմանալու, թե այդ ինչ «խաղեր են տարվում» իր թիկունքում:
 
Փաստորեն, ՀՔԾ պետը օրը ցերեկով փորձում է բոլորիս համոզել, թե չի հիշում՝ ով է եղել այդ անհհայտ «բարեգործը», ով չի ափսոսացել «քսակը բանալ» և նախկին քրեաօլիգարխիկ համակարգի ամենակարկառուն դեմքերից մեկի համար վճարել նորանկախ Հայաստանի պատմության թերևս ամենաբարձր գրավը, ապահովելով «Սերժի Վաչոյի» ազատումը: Գուցե մեր դատաիրավական պրակտիկայում հաճախ են նման դեպքեր գրանցվում, և մենք տեղյա՞կ չենք: Գուցե յուրաքանչյուր օր մեկ միլիարդի հասնող գրավնե՞ր են վճարվում և դա է պատճառը, որ ՀՔԾ պետը հիշողությունը չի ծանրաբեռնում կոպեկների վերաբերյալ մանրուքները մտապահելով:
 
Մի բան ակնհայտ է, Սասուն Խաչատրյանն, իր այս զավեշտալի հայտարարությամբ, բազմապատկեց այն հարցերը, որոնք առանց այդ էլ առկա էին  Վաչագան Ղազարյանի ազատման շուրջ ընթացող այս մութ գործընթացում: Պարզվում է՝ մարդու ազատությունը գին ունի, որը, սակայն, գնահատվում է ոչ թե նրա կատարած հանցագործության բնույթով, այլ կալանավորի անձով, նրա ազդեցիկությամբ կամ քաղաքական պատկանելիությամբ։ Դեռ մի բան էլ փորձ է արվում կոծկել ազատման մանրամասները: Առաջին հայացքից նման բաները մանրուք են թվում, սակայն հենց այդպես է սկսվում իշխանության դեգրադացիան…
 
 
Ստելլա Խաչատրյան