«Շիրակ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ ՀՖՖ կարգապահական կոմիտեի 05.05.2018 թվականին կայացրած որոշման շուրջ կրքերը հանդարտվում են:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մայիսի 17-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ռ. Վարդազարյան) դատավարական իրավունքի նորմերի խախտումներով բավարարել էր «Շիրակ» ՖԱ-ի բողոքը եւ որոշում ընդունել արգելել ՀՖՖ-ին նվազեցնել «Շիրակ» ՖԱ-ի միավորները:

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշված որոշումը վերացնելու միջնորդությունը ներկայացրել էր մի շարք հիմնավորումներով: Միջնորդության մեջ ՀՖՖ-ն մասնավորապես նշել է, - «ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն ազգային ֆեդերացիաների որոշումները կարող են կասեցվել բացառապես ՖԻՖԱ-ի կամ Լոզանում գտնվող սպորտային արբիտրաժային դատարանի (ԿԱՍ) կողմից: ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի քաղաքականության հիմնադրույթներից է ֆուտբոլի տարանջատումը պետական ինստիտուտների միջամտությունից, մինչդեռ սույն գործով որոշում է կայացրել ՀՀ պետական դատարանը: ՀՀ դատարանի նման պրակտիկան հղի է հայկական ֆուտբոլի համար խիստ անցանկալի հետեւանքներով ընդհուպ մինչեւ միջազգային մրցաշարերում ՀՀ հավաքական թիմերիր որակազրկումը»:

Օրեր առաջ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նույն դատավոր՝ Ռ. Վարդազարյանի նախագահությամբ, քննարկել է ՀՖՖ միջնորդությունը եւ այն բավարարել ամբողջությամբ: Նոր որոշմամբ Ռ. Վարդազարյանը վերացրել է 17.05.2018 թ. իր իսկ կայացրած որոշումը: Հետաքրքիր է, որ իր օգտին կայացրած որոշումը վերացնելու միջնորդություն էր ներկայացրել նաեւ «Շիրակ» ՖԱ–ն: Ինչպես ասում են՝ մեկնաբանությունները ավելորդ են: