Մի քանի օր է, ինչ լարված իրավիճակ է տիրում Տավուշի մարզում. համայնքների բնակիչներն օրվա մեջ որոշակի ժամանակով փակում են Վրաստանից Հայաստան եկող M 4 միջպետական ճանապարհը՝ Հաղարծին համայնքում: Մեծ թվով մարդիկ մնում են ճանապարհին, երթևեկությունը կաթվածահար է լինում:
Նշենք, որ մի քանի ամիս է, ինչ երիտասարդ կամավոր բնապահպանները Դիլիջան ազգային պարկի հսկողությունն են իրականացնում, որպեսզի ծառահատումներ չլինեն: Սակայն բնապահպաններն ու գյուղացիները լեզու չեն գտնում: Վերջիններս ասում են՝ բնապահպանները չպետք է լինեն, քանի որ խանգարում են իրենց կյանքի բնականոն ընթացքին:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Տավուշի մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը նշեց, որ երեկ բողոքող գյուղացիների հետ հանդիպել է մարզպետ Վահե Ղալումյանը՝ տեղացիներին հորդորելով բացել ճանապարհը: Գյուղացիներն ուլտիմատում են դրել՝ «բնապահպանները չպետք է մնան համայնքում և վե՛րջ»:
«Ճանապարհը փակել էին երեկ և դրա նախորդ օրը: Մարզպետի հետ գնացինք, զրուցեցինք, որից որոշ ժամանակ հետո բացեցին ճանապարհը: Մինչև երեկ ճանապարհ փակելն էլ մարզպետի մոտ խորհրդակցության են եղել երկու կողմի ներկայացուցիչներից՝ թե՛ բնապահպաններ, թե՛ գյուղացիներ: Թեև կոմպրոմիսի են եկել, բայց որոշ ժամանակ անց կրկին փակել են ճանապարհը: Գյուղացիներն ասում են՝ իրենք ծառահատումներ չթույլատրելու հետ կապված խնդիր չեն տեսնում, պատրաստ են ծառ չկտրելու, միայն թե բնապահպանները չմնան, քանի որ խանգարում են իրենց բնականոն կյանքին, կոնֆլիկներ է առաջանումում իրենց միջև»,-ասաց մարզպետի տեղակալը:
Ըստ մամուլի հրապարակումների էլ, համայնքների բնակիչները պահանջում են, որ կառավարությունը թույլ տա մտնեն անտառ և հատումներ իրականացնեն:
Ծեծկռտուք, հայհոյանք...
Օրեր առաջ էլ բնակիչների և բնապահպանների միջև տեղի էր ունեցել ընդհարում, որի հետևանքով տարեց կինը հայտնվել էր հիվանդանոցում՝ կողոսկրի կոտրվածքով։
Թեև այս պահին ճանապարհը բաց է, մթնոլորտը՝ հանդարտ, բայց ամեն պահի կրքերը կարող են բորբոքվել, քանի դեռ հարցը հանգուցալուծում չի ստացել: