Սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման աշխատանքները կազմակերպելիս զինծառայողների գործնական ունակությունները կատարելագործելու և անձնակազմի պատասխանատվությունը բարձրացնելու համար գնդապետ Ժիրայր Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հավաքակայանում զորամասերի հրամանատարների, հրամանատարների սպառազինության գծով տեղակալների, տեխնիկական մասի ծառայությունների պետերի, գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների, նրանց տեղակալների հետ անցկացվել է աշխատանքների կազմակերպման և իրականացման ցուցադրական պարապմունք: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Հավաքակայանում բացազատված ուսումնական կետերում ցուցադրվել են թրթուրավոր զինտեխնիկա, բանակին սպասարկող ավտոմոբիլային տեխնիկա, զենք, զինամթերք և այլն: Յուրաքանչյուր տեղամասում ուսուցանվողներին զորամասի ծառայությունների պետերը ներկայացրել են թեմաները՝ «Հավաքակայանի տարրերն ու շինությունները», «Հավաքակայանի հերթապահության, պահպանության հանձնման կարգը», «Տեխնիկայի կայանատեղի կահավորում, տեխնիկական անկյուն, հակահրդեհային վահանակ, տեխնիկայի օրինակելի արտաքին տեսք, ներքին կահավորում» և այլն:

 

Սպառազինությանն ու տեխնիկային առնչվող այսպիսի պարապմունքները կարևոր նախապայման են զորավարժությունների ժամանակ բարձր արդյունքներ գրանցելու համար: