ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը մի քանի դիտարկումներ է ներկայացրել «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ: Հուլիսի 26-ին կառավարության նիստում միաձայն հավանության էր արժանացել «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորների նախաձեռնած «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

 

«Որպես կանոն, արհեստակցական միությունները ստեղծվում են տվյալ գործատուի աշխատող անձանց կողմից: Որպես արհմիության անդամ, ինչպես նաև որպես գործատուի աշխատող, արհեստակցական միության ընտրովի պաշտոններում ընդգրկված անձինք, փաստորեն, կաշկանդված են լինում գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների փաստով: Բացի այդ, տեղական մակարդակում գործող արհմիությունների բյուջեն համալրվում է գլխավորապես գործատուի կողմից արվող հատկացումներով, ինչն արհմիությունն անվիճելիորեն կախվածության մեջ է դնում գործատուից: Փորձը ցույց է տալիս, որ այդպիսի արհմիությունները գրեթե միշտ ձեռնպահ են մնում աշխատողների շահերի պաշտպանության համար դատարան դիմելուց»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մանե Թանդիլյանը:

 

Նոր նախագծով առաջարկվում է սահմանել անկախ արհմիություն ստեղծելու և դրան անդամակցելու հնարավորություն, ինչը հասանելի լինի տարբեր գործատուների մոտ աշխատող ամենատարբեր մասնագիտություններ ունեցողների համար:

 

Նախարարը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ նախատեսում են անցկացնել արհմիությունների օրենքի թերություններին նվիրված համաժողով շահագրգիռ գործընկերների մասնակցությամբ։