Օգոստոսի 31-ից մեկնարկել է 2022 թ․ սեպտեմբերի 25-ին Հայաստանի տարբեր համայնքներում տեղի ունենալիք ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը։ «Ապրելու երկիր» կուսակցությունն այս անգամ ևս ակտիվորեն մասնակցում է ընտրապայքարին, համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուներ ունի 6 համայնքներում։
«Պատասխանատու և նվիրված մեր թիմերով մենք մասնակցում ենք ընտրություններին 6 համայնքում՝ Սիսիան, Թալին, Չարենցավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Ալավերդի։ Ի դեպ, այս ցուցանիշով մենք ամենամեծ մասնակցություն ունեցող քաղաքական ուժն ենք իշխող կուսակցությունից հետո՝ բարձրացնելով անցած տարի մեր իսկ սահմանած նշաձողը 35% մասնակցությամբ»։
Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախագահ Մանե Թանդիլյանը, նշելով, որ իրենք համայնքներում ներկայացված ավագանիներով երկրորդ քաղաքական ուժն են։ Մեր առաջնահերթություններից է՝ համայնքների զարգացումը և վստահ ենք, որ երկիրը սկսվում է հենց համայնքներից, նկատում է մեր զրուցակիցը և ընդգծում, որ համայնքներում ապրող մարդիկ են, որ պահում են պետությունը։
«Ամենափոքր բանը, որ կարող ենք անել, մեր վրա պատասխանատվություն վերցնելն է՝ թեթևացնել և լուծել նրանց ամենօրյա հոգսերը»,-շեշտեց քաղաքական գործիչը։
Դիտարկմանը, թե «Ապրելու երկիրը» ինչպե՞ս է պատրաստվում լսելի դարձնել իր ուղերձը, այն դեպքում, երբ ներքաղաքական իրողությունները, ընդդիմություն-իշխանություն հարափոփոխ պայքարը մի տեսակ մոլորեցրել են ժողովրդին, սովորական ընտրողին, Թանդիլյանն ասաց․
«Մեկ անգամ արդեն ասել եմ, նորից կրկնեմ՝ մեզ շատ քիչ է հետաքրքրում, թե ներհայաստանյան քաղաքական քարոզչամեքենան ինչ կարծրատիպեր է գեներացնում։ Առավել կարևոր է, որ մենք մեր աշխատանքով և մեր ամենօրյա գործունեությամբ մեր սիրելի հայրենակիցներին հնարավորություն չթողնենք ընկնել այդ թակարդը՝ մեզ հետ ուղիղ, անմիջական և ազնիվ շփումների միջոցով։ Ուրախ եմ նկատել, որ այս հարցում մենք հաջողել ենք՝ մեր հասարակության հետ մեր երկխոսությունը ստացվում է և իր դրական արդյունքներն արդեն տալիս է»։
Արա Ալոյան