Արցախի սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախյան պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում մեր հայրենակիցները ցուցաբերել և ցուցաբերում են բացառիկ կամեցողություն և նվիրվածություն աջակցելու պատերազմի արդյունքում ծանր կացության մեջ հայտնված արցախցի մեր հայրենակիցներին։
Յուրաքանչյուր աջակցության ունի մեծ սրտացավություն, և շատ կարևոր է համոզված լինել, որ այն գտնում է իր իրական հասցեատիրոջը։
Աջակցության ձեր առաջարկների բազմազանությունը և ծավալը անհրաժեշտություն է առաջացրել դրանց համակարգման, և այդ միջոցով հասցեականության բարձրացման, որի համար ստեղծված է այս հարթակը։
Շուտով կգործարկենք նաև կարիքի արձանագրման օնլայն հարթակը, որը հնարավորություն կտա աջակցել ցանկացողներին ուղիղ աջակցություն իրականացնել՝ էլ ավելի արդյունավետ ու թափանցիկ դարձնելով գործընթացը։
Օնլայն հարթակի միջոցով առաջարկում ենք արձանագրել աջակցության ձեր առաջարկը նշված կատեգորիաներով, որոնց կարիքը ամենից շատն է արձանագրվել մեր հայրենակիցների շրջանում։
Մեր աշխատակիցները, տիրապետելով աջակցության ձեր առաջարկների շտեմարանին և գնահատելով կարիքի հայտերը, կիրականացնեն գործընթացը՝ ցանկության դեպքում աջակցողի մասնակցությամբ։
Աջակցողը կտեղեկանա, թե ում և ինչպիսի կարիքի է աջակցում։
Սիրելի հայրենակիցներ, մեր պարտքն ենք համարել ապահովել հնարավորություն, որով երաշխավորված կլինի հասցեական աջակցությունը։
Բարին ընդ ձե՛զ։
ՀԳ․ Նախքան լրացնելը, խորհուրդ ենք տալիս դիտել տեսանյութը, որը ներկայացնում է, թե ինչպես լրացնել հայտը»: