Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպման ժամկետների վերաբերյալ դեռ հստակ պայմանավորվածություն չկա: Այս մասին Արտաքին գործերի նախարարությունում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Այո, մենք հաստատում ենք, որ Բրյուսելում արտգործնախարարների հանդիպման հարց քննարկվել է, եղել է առաջարկություն, սակայն ժամկետների, վայրի վերաբերյալ դեռ հստակություն չկա: Երբ լինի, մենք կհայտնենք»,-ասաց Տիգրան Բալայանը:
Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին՝ Տիգրան Բալայանը նշեց, որ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում վերահաստատեց Ալիևի հետ հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը:
«Այստեղ պետք է ելնենք այն իրողությունից, որ հանդիպումն ինքնանպատակ չէ, այն պետք է ունենա բովանդակություն: Բովանդակությունը կարող է լինել նոր պայմանավորվածությունների ձեռք բերումը, կամ նախորդ պայմանավորվածությունների, մասնավորապես՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի ձեռք բերված պայմանավորվածությունների վերահաստատումը»,-ասաց Տիգրան Բալայանը: