ՀՀ կառավարությունը հաստատեց 2018/2019 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը: Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ Արցախի Հանրապետությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ներկայացրել են առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի կրթական ծրագրերով իրենց հայտերը՝ հաշվի առնելով առողջապահական համակարգի և ՀՀ զինված ուժերում ներկայիս և ակնկալվող կադրային պահանջարկը:
«Ըստ այդմ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է հատկացնել օրդինատուրայի համար 95 տեղ, որից 17-ը՝ Արցախի Հանրապետությանը, 18-ը՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին, 49-ը՝ առողջապահության նախարարությանը, 11-ը՝ պաշտպանության նախարարությանը և 28 տեղ՝ ինտերնատուրայի համար»,- ասաց նախարարը: