«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու հարցով պատգամավորների ստորագրահավաքը: Ինչպես հայտնի է, ստորագրահավաքին միացել են 46 պատգամավոր. ԱԺ չորս խմբակցություններից երեքից միացել են ստորագրահավաքին:

 

Բացակայում են միայն «Ելք» խմբակցության պատգամավորների ստորագրությունները: Սակայն ստորագրահավաքին միացած ՀՀԿ-ականների անունները համառորեն գաղտնի են պահում: 

Մեզ հաջողվեց ճշտել նաեւ չմիացածների մի քանի անուններ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն այս օրերին բուժման նպատակով գտնվում է արտերկրում եւ չի միացել ստորագրահավաքին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանն էլ նշեց, թե առհասարակ տեղյակ չի եղել ստորագրահավաքի մասին, իրեն ոչինչ չեն ասել, ինքն էլ չի միացել: Ամեն դեպքում նա խուսափեց նշել` իմանալու պարագայում կմիանար, թե ոչ:

Ստորագրահավաքին չի միացել եւ այս օրերին Դիլիջանում է գտնվում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովը եւ մեզ հետ զրույցում նշեց, թե ինքն էլ չի միացել ստորագրահավաքին: Հայտնի է, որ ստորագրահավաքին չեն միացել նաեւ Ալիկ Սարգսյանն ու Հակոբ Հակոբյանը` Կիլիկիայի Հակոբ:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում :