ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի մարդկային զարգացման ծրագրի տարածաշրջանային ղեկավար Լիրե Էրսադոյին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ մարդկային կապիտալի ծրագիրը, որին Հայաստանը միացել է այս տարվա հուլիսին և դարձել ծրագրի վաղ ներդնողներից:
Ծրագրի իրականացմամբ զբաղվող թիմն այս փուլում նպատակ ունի հաշվել Հայաստանի մարդկային կապիտալի ինդեքսը, որի կարևոր բաղադրիչներից մեկը կրթությունն է: ԿԳ նախարարի տեղակալն իր խոսքում կարևորել է կրթության և գիտության ոլորտում մարդկային կապիտալի զարգացմանը միտված արդյունավետ քաղաքականության մշակումը, միաժամանակ շեշտելով, որ այն Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է: Այս համատեքստում Անափիոսյանն ընդգծել է, որ մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ցանկացած քայլ ապագային ուղղված ներդրում է:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մարդկային զարգացման ծրագրի տվյալների հավաքագրման, նոր գործիքակազմի մշակման և դրանում կրթության մասնագետների մասնակցության հետ կապված հարցերին: