Ցմահ ազատազրկման դատապարտվածը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր պատշաճ բուժօգնությունը և անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու համար:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ըստ դիմումատուի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում իրեն համապատասխան բուժօգնություն չի տրամադրվել, իսկ անհրաժեշտ վիրահատությունը չի կազմակերպվում:

 

Բողոքի քննարկման շրջանակում գրություն է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարություն: Ստացված պատասխանի համաձայն՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալին տրամադրվել է անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություն, իսկ վիրահատության կարիք այդ ժամանակ չի ունեցել: Արդյունքում դուրս է գրվել հիվանդանոցից:

 

Որոշ ժամանակ անց նրա խցակից ընկերները Պաշտպանին հասցեագրված դիմումով տեղեկացրել են, որ դատապարտյալի առողջական վիճակը վատթարանում է։

 

Պաշտպանի միջամտությունից հետո Քրեակատարողական վարչությունը տեղեկացրել է, որ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն անհրաժեշտ հետազոտություններն անվճար կազմակերպելու համար: Արդյունքում, դատապարտյալը հետազոտվել է և վիրահատվել։