ՀՅ Դաշնակցությունը չի բացառում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը, այսօր «Ազատության»-ը տված հարցազրույցում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։

«Ազատություն». - Խոսվում է, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է վերադառնալ ակտիվ քաղաքականություն: ՀՅԴ-ն մտադի՞ր է համագործակցել Քոչարյանի հետ:

 

Մարգարյան. - Մենք բոլոր ուժերի հետ էլ մտադիր ենք գործակցել։

«Ազատություն». - Այդ թվում Քոչարյանի՞։

Մարգարյան. - Բոլորի հետ, բոլոր հայերի հետ մենք պատրաստ ենք համագործակցության, բայց հատուկ Քոչարյանի հետ համագործակցության ոչ որոշում ունենք, ոչ էլ օրակարգ։

«Ազատություն». - Փաստորեն Դուք չեք բացառո՞ւմ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը և մտադի՞ր եք համագործակցել։

Մարգարյան. - Ինչո՞ւ պետք է բացառեմ։ Ես ո՛չ մտադիր եմ, ո՛չ բացառում եմ։

«Ազատություն». - Եղե՞լ է նման առաջարկ։

Մարգարյան. - Ոչ։

«Ազատություն». - Մտադի՞ր եք իրեն առաջարկել։

Մարգարյան. - Ոչ։

«Ազատություն». - Դուք սպասո՞ւմ եք, որ նա կվերադառնա ակտիվ քաղաքականություն։

Մարգարյան. - Իր անելիքները ես չգիտեմ, ես իսկապես չգիտեմ։

«Ազատություն». - Հաշվի առնելով 2008 թվականի «Մարտի 1»-ի դեպքերը, Դուք հնարավոր համարո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը։

Մարգարյան. - Ես «Մարտի 1»-ի իրադարձությունների մասին սեփական դատողություն չունեմ, ես գիտեմ, որ դեպքը պատահեց այդ ժամանակ բոլորի մեղքով, և այդ 8-10 զոհերը, անկախ, թե ով է կրակել նրանց վրա, մեղքը բոլորի վզին է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վզին էլ է փաթաթված, Ռոբերտի վզին էլ է փաթաթված։ Դա այդպես պետք է նայել, կարևոր չի, թե ով է կրակել, կարևորը, թե այդ երևույթն ով է ստեղծել։ Ո՞վ ստեղծեց այդ երևույթը։ Բոլորը միասին ստեղծեցին։ Մենք այն ժամանակ էլ զգուշացրել ենք՝ թե՛ ընդդիմությանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանին, որ էս ճանապարհով մի գնցեք, սա վտանգավոր է, մեզ չեն լսել։ Մենք դեմ ենք եղել դրան և մտահոգ ենք եղել, կեցված ենք ունեցել և կեցվածքն էլ արտահայտել ենք, կեցվածքի համար էլ ճիգ ենք թափել, աշխատել ենք, փորձել ենք որ մեղմենք, չենք հաջողել։

 

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակին, ում մեղադրանք է առաջադրված երկրի սահմանադրական կարգը տապալելու համար, Մարգարյանը նշեց․- «Մեր երկրին վայել չէ, որ նախագահական ինստիտուտը այդպես խայտառակեն»:

Մարգարյան. - Ինձ չի վերաբերում, Ռոբերտ Քոչարյանը կարող է իրան պաշտպանի և ես ոչ մի շահ չունեմ իրեն պաշտպանելու հարցում, ես պաշտպանում եմ սկզբունքը, սկզբունքը, որ նախագահական ինստիտուտը պետք է մեր երկրի մեջ հարգվի, պետք է դրա համար, եթե նույնիսկ պարտավոր ենք գին վճարել, պետք է կարողանանք գին վճարել։ 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը տանկեր դուրս բերեց փողոց, եթե անաչառ ենք, բա ինչո՞ւ դա չենք քննում, ես չեմ ասում, որ քննենք, ես ասում եմ, որ պետք չէ անցյալն այնպես խառնենք իրար, որ այսօրվա և վաղվա կյանքը վտանգվի։

«Ազատություն». - Պարոն Մարգարյան, տասը տարի առաջ արյունալի իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստանում և ոչ ոք դրա համար պատասխանատվության չի ենթարկվել։

Մարգարյան. - Ես դեմ չեմ քննարկման, բայց քննարկում պետք է լինի այնպես, որ վստահություն ներշնչի՝ անկախ այն արդյունքից, որ հետո կհայտնվի։

«Ազատություն». - Չպե՞տք է հարցաքննել այդ ժամանակվա նախագահին։

Մարգարյան. - Այո, պետք է հարցաքննեն էլ, պետք է քննություն էլ կատարեն, ամեն ինչ էլ պետք է անեն, բայց այնպես, որ վստահություն մթնոլորտ ստեղծվի, ոչ թե քաղաքական հալածանքի տպավորություն թողնի։ Ես տպավորության մասին եմ խոսում, ես դեռ չգիտեմ քաղաքական հալածանքի մասին, դա կխոսի ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ այստեղ