ՀՀ արդարադատության նախարարության azdarar.am կայքում զետեղված ծանուցագրերի համաձայն՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր չափահաս անդամները հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։
Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները դատախազություն են հրավիրվել օգոստոսի 1-ին՝ ժամը 14:30-ին։
Դատախազություն են հրավիրվել Ռոբերտ Քոչարյանն ու կինը' Բելլա Քոչարյանը, ավագ որդին' Սեդրակ Քոչարյանը և նրա կինը' Զարուհի Բադալյանը, կրտսեր որդին' Լևոն Քոչարյանը և կինը' Սիրանուշ Քոչարյանը, դուստրը' Գայանե Քոչարյանն ու ամուսինը' Վիգեն Չատինյանը։
Ծանուցագրերում նշված է՝ «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին և Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվել են ամփոփագրեր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»։