«Ժողովուրդ» օրաթերթը գում է.
Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործի շրջանակներում որպես մեղադրյալ ավելի քան երկու շաբաթ կալանքի տակ մնալուց հետո ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ օգոստոսի 13-ին ազատ արձակվեց: Այս հարցով վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշման հրապարակմանը բավական ուշագրավ իրադարձություններ են նախորդել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումից 5-6 օր առաջ` երեկոյան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու տանը հանդիպել են իրավապահ համակարգի նախկին ներկայացուցիչներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ՔԿ պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը:
Եւ նրանք երեքով քննարկել են այս գործի մանրամասները, բայց սահմանադրությամբ նախագահի անձեռնմխելիության դրույթի շրջանակներում: Մեր աղբյուրների պնդմամբ` մտավախություն է հնչել, որ մարտի 1-ի գործով հարցաքննվելու եւ կալանավորվելու հերթը հասնելու է նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Ու եթե նախագահի անձեռնմխելիության սկզբունքի շրջանակներում նրանք Քոչարյանին ազատ արձակելու հարցը չլուծեն, միգուցե կալանավորվի նաեւ Սարգսյանը:
Ի դեպ, ժամանակին նույն տրամաբանությամբ էլ ՀՀԿ-ն ու ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հանդես եկան հայտարարություններով. թեեւ նրանք առերեւույթ պաշտպանում էին Քոչարյանին, բայց իրականում փորձում էին մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ դառնալու հեռանկարից փրկել Սերժ Սարգսյանին: Վազգեն Ռշտունին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հերքել է այդ հանդիպման մասին լուրը:
Իսկ մինչ այդ մեկ արձանագրում. դատավոր Ալեքսանդր Ազարյանը հասցրել է մի քանի հարցազրույց տալ՝ մեկնաբանելով եւ արդարացնելով Քոչարյանին ազատ արձակելու որոշումը: Միայն թե դատական համակարգում չլսված երեւույթ է, երբ դատավորն իրավական ակտ կայացնելուց հետո հարցազրույցներ է տալիս ու հավելյալ մեկնաբանում իր քայլը: Դատավորների համար նման արգելք կա նաեւ «ՀՀ դատավորի վարքագծի կանոնները սահմանելու մասին» ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: