Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողները մասնակցել են Ռուսաստանի Դաշնության պետական դրոշի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Ինչպես տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, Գյումրիի և Երևանի ռազմական կայազորներում միջոցառումը սկսվել է Ռուսաստանի պետական դրոշի բարձրացման արարողությամբ՝ պատվավոր նվագախմբի և ավելի քան 3000 զինծառայողների կատարմամբ Ռուսաստանի օրհներգի ուղեկցությամբ:

«Այսօր հայրենի տնից հեռու՝ հյուրընկալ Հայաստանում, մենք նշում ենք Ռուսաստանի պետական դրոշի օրը: Այս օրը մենք պատվում ենք մեր հայրենիքը, մեր Ռուսաստանը, պատվում ենք հազարամյակների պատմություն և յուրահատուկ բնակչություն ունեցող մեր երկիրը, որն ահռելի հողի վրա միավորում է բազմաթիվ ազգեր, մշակույթներ ու տարածքներ»,- ասել է ռազմական բազայի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովը:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են զինծառայողներ, Հայաստանում Ռուսաստանի դիվանագիտական կորպուսի, ուժային կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, ռուսական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վետերաններ, զինծառայողների ընտանիքների անդամներ: Տոնական միջոցառման մասնակիցներին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: