Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մի շարք ներկայացուցիչներ, գործող բռնցքամարտիկներ բողոքի ակցիա անցկացրեցին Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դիմաց' ի պաշտպանության ֆեդերացիայի' օրեր առաջ վերընտրված նախագահ Արթուր Գևորգյանի:
Երիտասարդության հարցերի նախարարություն, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն չեն ընդունում ֆեդերացիայի նախագահի ընտրությունների արդյունքները:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը չհանդիպեց բողոքի ակցիայի մասնակիցներին' առաջարկելով նախապես, ըստ կանոնակարգի օրը վերցնել և նոր այցելել նախարարին:
Բողոքի ակցիա մասնակիցների փաստեցին նաև, որ երիտասարդական հավաքականի անդամները, ովքեր նախորդ մեկ շաբաթվա ընթացքում նախապատրաստվում էին աշխարհի առաջնության, իրավունք չեն ունեցել Օլիմպավանում տաք ջրով լողանալու:
Ըստ Ատոմ Պողոսյանի, ով բռնցքամարտի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի նախագահն է, ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցել են կանոնակարգին կետին համաձայն և բաց են եղել, քանի որ առաջադրված է եղել միայն մեկ թեկնածու:
Բողոքի ակցիա մասնակիցների հետ կապվեց և ակցիան դադարեցնել հորդորեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, ով այս օրերին Հունգարիայում է և մասնակցում է եվրոպական ֆեդերացիայի նիստին: Գևորգյանի խոսքով' ֆեդերացիա ոչ մի ապօրինություն չի արել և ընտրություններն անցել են ճիշտ: «Ոչ մեկ իրավունք չունի խոչընդոտելու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործունեությանը, ոչ սպորտի նախարարությունը, ոչ ՀԱՕԿ-ը»,-շեշտեց Գևորգյանը:
Ավելի ուշ' ներկա լրագրողներին ընդունեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը: Վերջինիս պնդմամբ' ոչ նախարարությունը, ոչ ՀԱՕԿ-ը այս հարցին լուծում չի տալիս, սրանով պետք զբաղվի բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան: